четверг, 14 мая 2015 г.
Ավետիք Իսահակյան
Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլի գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանստեղծի անունը՝ Իսահակյան։
Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։
Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899 - 1906 թվականին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։
Իսահակյանը մեկնում է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։
Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թվականի «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։
Իսահակյանի արձանը Պանթեոնում։
19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և ավաղ մնաց անավարտ։ «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը։ Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...», - սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում։
1919-1921 թվականներին, Իսահակյանը գործուն մասնակցություն է ունեցել Դաշնակցության Նեմեսիս գործողության նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին: Իսահակյանի տանը բազմիցս է խոսվել Սողոմոն Թեհլերյանի մասին: Նույնիսկ որոշ կարծիքների համաձայն, Թալեաթի սպանությունը նախապես հանձնարարված է եղել Իսահակյանին: Այդ ժամանակահտվածում, Իսահակյանը Բեռլինում բազմիցս հանդիպել է Սողոմոն Թեհլիրյանին և միասին զննել են Թալեաթի լուսանկարները: Այս զննումները նպատակ են ունեցել հայտնաբերելու Թալեաթին, ով 1921 թվականի սկզբներին հաստատվել էր Բեռլին՝ Ալի Սալի Բեյ վաճառականի կեղծանվան տակ: Թեհլիրյանի հետ, Թալեաթ փաշային մի քանի օր հետևել է նաև Իսահակյանը: 1921 թվականիի մարտի 15-ին, Հարդենբուրգ փողոցի մյուս կողմում կանգնած էր Իսահակյանը, որը պատրաստ սպասում էր, որ եթե հանկարծ Թեհլիրյանը չկարողանա սպանել, նա էր սպանելու Թալեաթին: Իսահակյանը նաև մեծ դեր ունեցավ Թեհլերյանի արդարացման գործում: Հետևաբար Ավետիք Իսահակյանը՝ Թալեաթի սպանության կազմակերպիչներից էր և գտնվում էր իրադարձությունների կիզակետում:[2]
Այս տեղեկությունները հաստատվեցին հետագայում, նրա ուղարկած և նրան հասցեագրված բազմաթիվ նամակների ու գրառումների միջոցով: Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվել է Իսահակյանին հասցեգրված Արտաշես ստորագրությամբ երեք նամակ, որոնցից մեկում գրված է. «Սիրելի Ավո, այս րոպեին մի թուղթ գրեցի քո հասցեին, որով խնդրում եմ Մուշեղի, Հակոբի և իմ անունով, որ դու Բեռլինում եղած ատենդ աշխատես մեզ համար, որ մեզի թողնին Գերմանիայի, Ուկրաինայի վրայով Կովկաս գնալ: Այստեղից երևի Աշոտն էլ մեզ կընկերանա: Խնդրում ենք, ուրեմն, այս ուղղությամբ ավելին անել…»: Նամակի հեղինակը խոտորջուրցի վրիժառու Արտաշես Գևորգյանն է, որը 1922-ի ամռանը Ստեփան Ծաղիկյանի և Պետրոս Տեր-Պողոսյանի հետ Թիֆլիսում սպանեց Խոտորջուրի ջարդերի անմիջական կազմակերպիչ Ջեմալ փաշային:
1926 թվականին Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ և ապրեց այնտեղ մինչ 1936 թվականին՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։
Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946), 1946–1957 թվականներին Հայաստանի գրողների միություն նախագահն էր։ Մահացել է 1957թ. հոկտեմբերի 17-ին։ Թաղված է Երևանի պանթեոնում։ 1963 թվականի հոկտեմբերի 31–ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։
Հովհաննես Շիրազ
Ծնվել է 1914թ.-ին Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի, Հայաստան)։ [1] Շիրազը մեծացել է աղքատության մեջ։ Առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, հրատարակվել է 1935 թվականին։ Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է«Շիրազ» գրական անունը, որովհետև «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն" (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով)։ Ուսանել է Երևանի Պետական Համալսարանում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտում։ 1958 թվականին հրատարակում է «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը։ Երկրորդ և երրորդ հատորները հրատարակվում են 1965 թվականին և 1974 թվականին։ Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները։ Շիրազի ստեղծագործությունները չափածո են։ Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների ու բանաստեղծությունների, որոնցից են՝ «Անի», «Սիամանթո և Խջեզարե», «Էքսպրոմտ», «Իմ սուրբ Հայրենիք», «Սերս գաղտնի թող մնա», «Հայերի ճակատագիր», «Անդրանիկին» և այլն։ Նա գրել է «Հայոց Դանթեական» մեծածավալ պոեմը, որը Հայոց ցեղասպանության մասին է, թեմա, որն արգելված էր Խորհրդային Միությունում. Գլուխգործոց համարվող այս ստեղծագործության առաջին տարբերակը գրվել է 1941 թ.[2] Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին Խորհրդային Միությունում և մի քանի գլուխներ Բեյրութում և Թեհրանում։ Պոեմը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) լույս տեսավ Երևանում 1990 թվականին։
Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում, այլ հանրահայտ հայերի կողքին։
Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր։ Նրանց տղան՝ Արա Շիրազը քանդակագործ է։ Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ։ Նրանց որդին, Սիփան Շիրազը պոետ էր։
Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվում Երևանի թիվ 169 դպրոցը և Սպահանի մարզի Ջուղայի մի փողոց։ Գյումրիի 19-րդ դարի կառույցում բացվել է Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը։ [3]
Պարույր Սևակ
Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։
Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Ահա, թե ինչ է գրում բանաստեղծը գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին․ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, անքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։
Հինգ տարեկան էր Պարույրը և արդեն կարդում ու գրում էր, բայց առանց դպրոց գնալու։ Ավելի ճիշտ՝ գնում էր, բայց ոչ «օրինական» ձևով։ Եվ ուսուցիչը հաջորդ տարում՝ 1930 թվականին, թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ։ Դպրոցը գյուղական երեխայի առջև բացեց մի ուրիշ աշխարհ՝ գրքերի աշխարհ, իսկ գիրք չկար։ «Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ հատիկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականության դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց․ գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին․․․»։
Աշակերտական նստարանից սկսած, իսկ համալսարանական տարիներին ու հետագայում առավել ևս, գիրքը՝ վեպ լիներ, թե բանաստեղծությունների ժողովածու, պատմագիտական ուսումնասիրություն, թե փիլիսոփայական տրակտատ, միևնույնն է, ինչ էլ կարդալիս լիներ՝ մատիտը կամ գրիչը անբաժան էին նրանից։ Բնավ չէր հավանում այն գրքերը, որտեղ մատիտը պետք չէր գալիս։ Սիրում էր պոեզիան և հայ բանաստեղծներից շատերի գործերը անգիր գիտեր։ Շատ էր սիրում Հովհաննես Թումանյանին։ «Ես՝ գաղտնիքս մեծ, ինքս՝ փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ․․․․Աստված»։
Հովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյանն սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա՝ Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան): 1883 թ-ից բնակվել է Թիֆլիսում: 1883–87 թթ-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1893 թ-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ: Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ:
Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ: Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական: Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները: Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ: Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքն են արտահայտված «Գութանի երգը», «Խրճիթում» և այլ բանաստեղծություններում: «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է: «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ, խոսելով հայ ժողովրդի դարավոր պատմության, մաքառումների և տանջալից ուղու մասին, հավատով է պատկերել հայրենիքի անպարտելի ու ստեղծագործ ոգին.
Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին
Երկնքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:
«Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը Թումանյանը գրել է Մեծ եղեռնի օրերին. նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության ու գոյափիլիսոփայության յուրօրինակ խտացում է: Առաջին 2 քառատողերում «Զարկված ու զրկված, ողբի ու որբի հայրենիքի» պատկերներն են, իսկ երրորդը և չորրորդն ավարտվում են «Լույսի և հույսի, նոր ու հզոր հայրենիք» արտահայտություններով:
Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուրներ համարել է բանահյուսությունը՝ լեգենդները, առակներն ու ավանդությունները, հեքիաթները («Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Մի կաթիլ մեղրը» և այլն): Այս սկզբունքով են ստեղծված նաև «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները:
«Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղը՝ իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով: «Անուշ» պոեմում հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է: Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում այլևս ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին: Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը:
Թումանյանը մշակել է 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), փոխադրել այլ ժողովուրդների հեքիաթներ: Նա տիեզերքի, հավերժի, կեցության ու գոյաբանական խնդիրներ է քննել իր քառյակներում, որտեղ անձնական ապրումների ընդհանրացումներով հասել է համամարդկային արժեքների գնահատման.
Տիեզերքում աստվածային
մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին
անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել
մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար
արդեն խորթ է իմ հոգին:
Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը: «Գիքորում» քաղաքի բարքերին զոհ դարձած գյուղացի պատանու ողբերգական պատմությունն է: Պատմվածքում պատկերված են դարի նյութապաշտությունը և մարդու վեհ երազանքների փլուզումը:
Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր: Հզոր ներշնչանքով է գրված «Սասունցի Դավիթ» պոեմը, որտեղ Թումանյանը պատկերել է հայ ժողովրդի ազատաբաղձ ոգին:
Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն: 1905–06 թթ-ին հաշտարար դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է: 1918 թ-ին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին: 1899 թ-ին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ:
1912 թ-ին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության, 1918 թ-ին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ: Առաջին համաշխարհային պատերազմում (1914– 1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919–20 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ:
Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը: 1916 թ-ին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին:
Թումանյանը մասնակցել է «Լուսաբեր» դասագրքի և «Հայ գրողներ» քրեստոմատիայի ստեղծմանը: Իր հոդվածներում արծարծել է հասարակական կյանքի, գրականության, բանահյուսության, հայոց լեզվի ու բարբառների զարգացման հարցեր, գրել է ուսումնասիրություններ Նահապետ Քուչակի, Նաղաշ Հովնաթանի, Խաչատուր Աբովյանի և նրա «Վերք Հայաստանի» վեպի, Սայաթ-Նովայի, հայ հերոսական էպոսի պատմական արմատների մասին: Թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Ջորջ Բայրոնի, Միխայիլ Լերմոնտովի, Հենրի Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից:
Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են, լույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, վերածվել երգերի: Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմի) օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր:
Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, հունարեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն, ղազախերեն և այլ լեզուներով:
Երևանում գործում է Թումանյանի թանգարանը, Դսեղում՝ տուն-թանգարանը: Նրա անունով են կոչվել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, հրապարակ Մոսկվայում, Երևանի տիկնիկային թատրոնը, փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում և Այսրկովկասի տարբեր վայրերում: 1980 թ-ին սահմանվել է Հայաստանի գրողների միության Թումանյանի անվան ամենամյա մրցանակը: 1957 թ-ին օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև` Թատերական հրապարակում, կանգնեցվել է նրա հուշարձանը:
ՀՀ 5-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է Թումանյանի դիմանկարը:
Հունաստանի Հանրապետություն
Հունաստանը պետություն է Եվրոպայի հարավ-արևելքում. ընդգրկում է բուն Բալկանյան թերակղզու հարավային մասը և հարակից ավելի քան 100 կղզիներ, որոնք միասին կազմում են երկրի տարածքի 1/5-ը: Խոշոր կղզիներն են Կրետեն, Եվբեան, Հռոդոսը, Լեսբոսը: Հունաստանի ափերը ողողում են Եգեյան, Հոնիական և Միջերկրական ծովերի ջրերը: Ափերը խիստ կտրտված են, ափագծի երկարությունն ավելի քան 15 հզ. կմ է:
Այստեղ ծովի մեջ են մխրճվում Խալկեդոնիա, Աթթիկա և Պելեպոնես թերակղզիները: Վերջինս ամենախոշորն է. զբաղեցնում է Հունաստանի տարածքի 1/7-ը:
Ժողովրդական ավանդությունը պատմում է, որ երբ Աստված արարեց աշխարհը, վերջին բուռ քարը ծովը նետեց, և առաջացավ Հունաստանը՝ լեռնոտ ու քարքարոտ այդ երկիրը: Լեռներն ու սարահարթերը զբաղեցնում են երկրի տարածքի շուրջ 2/3-ը: Եգեյան ծովի երկայնքով ձգվում են մի քանի փոքր դաշտավայրեր (Ստորին Թրակյան, Սալոնիկի, Թեսալյան): Ամենամեծ լեռնային համակարգը Պինդոսն է: Գերակշռում են միջին բարձրության լեռները, ամենաբարձր կետը Օլիմպոսն է (2911 մ):
Կլիման մերձարևադարձային, միջերկրածովյան է. ձմեռը՝ մեղմ ու խոնավ, ամառը՝ շոգ ու չոր: Գետերը կարճ են, լեռնային: Նշանակալի են Վարդարը, Մարիցան, Ստրիմոնը, Նեստոսը, որոնց միայն ստորին հոսանքներն են Հունաստանի տարածքում: Լճերից են Տրիխոնիսը, Վեգորիտիսը, Պրեսպան: Երկրի տարածքի 15%-ն անտառածածկ է: Կան երկաթի, մանգանի, քրոմի, նիկելի, բազմամետաղների, մարմարի պաշարներ:
Հունաստանի բնակչության մոտ 95%-ը հույներ են: Բնակվում են նաև ալբանացիներ, արոմուններ, թուրքեր, հրեաներ, հայեր, գնչուներ և այլք:
Խոշոր քաղաքներն են Աթենքը, Սալոնիկը, Պատրան:
Հունաստանի պատմությունը բաժանվում է 2 ժամանակաշրջանի՝ Հին Հունաստան և ներկայիս Հունաստան:
Հին Հունաստանը (Հելլադա), որի ժամանակաշրջանն ավարտվում է մինչև մեր թվականության IV դարով, միասնական պետություն չէր. այն մասնատված էր բազմաթիվ քաղաք-պետությունների՝ պոլիսների: Դրանցից ամենախոշորներն էին Աթենքն ու Սպարտան: Աթենքում պետական բոլոր գործերը վարում էին յուրաքանչյուր տարի ընտրվող խորհուրդը և ազատ քաղաքացիները, որոնք հավաքվում էին ժողովրդական ժողովի: Դա աշխարհում ժողովրդավարության առաջին դրսևորումներից էր: Հին հույներն ամենից շատ գնահատում էին իրենց քաղաք-պետությունների ազատությունն ու անկախությունը:
Հին հույները ժամանակի ամենաքաղաքակիրթ ժողովուրդներից էին, իսկ Հունաստանը համարվել է երկիր, որտեղ առասպելներ են ծնվում: «Իլիական» և «Ոդիսական» դյուցազներգությունները, որոնք, ըստ ավանդության, ստեղծել է Հոմերոսը մ.թ.ա. XII դարում, համաշխարհային գրականության գլուխգործոցներից են:
Հին հունական արվեստն ու մշակույթը դարեր շարունակ եղել են գեղեցկության, հնարամտության, ներդաշնակության, բարձր ճաշակի չափանիշ:
Հին հույները վեհաշուք տաճարներ էին կառուցում իրենց աստվածների պատվին: Շատ գեղեցիկ է եղել պատերազմի, հաղթանակի, իմաստության, գիտության, արվեստի, արհեստների և երկրագործության աստվածուհի Աթենաս Պալլասի պատվին Ակրոպոլիսում կանգնեցված Պարթենոն տաճարը:
Յուրաքանչյուր քաղաքում անպայման թատրոն կար: Այդ նպատակով կառուցվում էին հատուկ ամֆիթատրոններ: Արիստոֆանեսի կատակերգությունները, Էսքիլեսի, Սոֆոկլեսի և Եվրիպիդեսի ողբերգություններն այժմ էլ բեմադրվում են աշխարհի շատ թատրոններում:
Հին հույներն առանձնակի վարպետության էին հասել քանդակագործության ասպարեզում: Քանդակագործներն աստվածներին նվիրված բրոնզակերտ կամ մարմարակերտ արձաններում նրանց պատկերում էին մարտնչող, գեղեցիկ, կենսուրախ և ուժեղ մարդկանց տեսքով: Շատ արձաններ են ստեղծվել Օլիմպիական խաղերի հաղթողների պատվին: Բարձր դասական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից էր քանդակագործ Ֆիդիասը, որը կերտել է նաև Զևսի արձանը Աթենքում:
Հին Հունաստանում են ստեղծվել Հին աշխարհի յոթ հրաշալիքներից երեքը՝ Արտեմիսի տաճարը, Զևսի արձանը և Հռոդոսի կոթողը:
Հին Հունաստանը գիտությունների հայրենիքն է: Այնտեղ են ձևավորվել դաստիարակության, կրթության առաջին համակարգերը: Աշխարհին հայտնի են փիլիսոփաներ և մեծ գիտնականներ Թալեսը, Պյութագորասը, Սոկրատեսը, Էվկլիդեսը, Պլատոնը, Դեմոկրիտը, Արիստարքոսը, Արիստոտելը, Սոլոնը, Պլուտարքոսը, Հիպոկրատը, Արքիմեդը, քարտեզագետ Միլետան, պատմաբաններ Հերոդոտոսը, Քսենոֆոնը, ժամանակակիցներից` մեծահարուստ Օնասիսը, երգիչներ Մարիա Կալասը, Դեմիս Ռուսոսը և ուրիշներ:
Էրատոսթենեսը համարվում է աշխարհագրության «հայրը», իսկ Ստրաբոնը Հին դարաշրջանի աշխարհագրական գիտելիքներն ամփոփել է «Աշխարհագրություն» գրքում, որը բազմաթիվ տեղեկություններ է տալիս նաև Հայաստանի բնության, քաղաքների, հայոց թագավորների մասին:
Հին հույներն անվեհեր մարտիկներ էին: Հայտնի է նրանց փոքրաթիվ զորքի հաղթանակը պարսից արքա Դարեհի և նրա որդի Քսերքսեսի դեմ ճակատամարտում՝ Մարաթոն բնակավայրի մոտ: Այդ իրադարձության հետ է կապված «մարաթոնյան վազք» կոչվող ներկայիս մարզաձևի առաջացումն ու անունը:
Աշխարհակալ Ալեքսանդր Մակեդոնացու անվան հետ է կապված հին հունական մշակույթի և լեզվի տարածումը դեպի արևելք` նրա գրաված երկրներ, որը պատմության մեջ հայտնի է որպես հելլենիզմի դարաշրջան:
IV դարում Հին Հունաստանի տարածքը մտավ Արևելյան հռոմեական կայսրության՝ Բյուզանդիայի կազմի մեջ:
Ժամանակակից Հունաստանի պատմությունն սկսվում է 1453 թ-ից, երբ թուրքերը նվաճեցին Կոստանդնուպոլիսը՝ Բյուզանդիայի մայրաքաղաքը: XVII–XVIII դարերում Հունաստանը թուրքական լծի տակ էր: Թուրքերը, որ հասարակական, տնտեսական և մշակութային զարգացման անհամեմատ ցածր մակարդակի վրա էին, կասեցրին Հունաստանի բնականոն զարգացումը: Թուրքական բռնություններից փրկվելու համար հույների մի մասը տարագրվեց Իտալիա, Ավստրիա, Ռուսաստան և այլ երկրներ: Սակայն հույն ժողովուրդը համառորեն պայքարում էր թուրքական լծի դեմ: 1830 թ-ին այդ պայքարը պսակվեց հաղթանակով. Հունաստանը պաշտոնապես հռչակվեց անկախ պետություն:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հունաստանն ընկավ գերմանական տիրապետության տակ և մեծ կորուստներ կրեց: Միայն պատերազմի ավարտին կարողացավ ազատագրվել օտարերկրյա լծից:
Հունաստանը ծովային երկիր է: Հունական նավերը Եվրոպա և Ամերիկա են տանում ծխախոտ ու չամիչ, նարինջ ու գինի, ձիթապտղի յուղ ու կաշի, ինչպես նաև ածուխ, բոքսիտներ, երկաթի հանքաքար, մանգան, նիկել և այլ օգտակար հանածոներ:
Հունաստանում զարգացած են մետաղաձուլությունը, նավթավերամշակումը (ներմուծվող հումքի հիման վրա), մեքենաշինությունը, հատկապես՝ նավաշինությունը:
Սննդի արդյունաբերության մեջ առաջնային նշանակություն ունեն գինու, շաքարի, ձիթապտղի յուղի, ծխախոտի արտադրությունները:
Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են մերձարևադարձային պտղաբուծությունը (ձիթենի, խաղող, ցիտրուսներ), ծխախոտի և բամբակենու մշակությունը: Հունաստանում հայտնի են խաղողի Կորինկա և Սուլթանիա տեսակները, որոնցից բարձրորակ չամիչ են ստանում:
Արևոտ, հարմար լողափերը, հայտնի առողջարանները, պատմամշակութային բազմաթիվ հուշարձանները դեպի իրենց են ձգում բազմաթիվ զբոսաշրջիկների: Տարեկան Հունաստան է այցելում 7 մլն-ից ավելի զբոսաշրջիկ, ինչը մեծ եկամուտներ է բերում երկրին:
Աֆրիկա
Այս մայրցամաքը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով։ Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո։ Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները։ Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոսի վերին հոսանքները։ Դեպի Հնդկաստան տանող ծովային կարճ ճանապարհ գտնելու նպատակով պորտուգալիայի ծովագնացները 15-րդ դարում ուսումնասիրել են Աֆրիկայի արևմտյան ափերը։ Շրջանցելով այն՝ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման 1498 թվականին առաջին անգամ հասել է Հնդկաստան և պարզել, որ Աֆրիկայի հարավային և արևելյան ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով։ 18-րդ դարի վերջին արդյունավետ եղան անգլիացի հետազոտող Դեյվիդ Լիվինգսթոն ճանապարհորդությունները։ 30 տարի շարունակ (1843–1873 թվականներ) նա ուսումնասիրել է Հարավային Աֆրիկան. հետազոտել է Զամբեզի գետը, նրա վրա հայտնաբերել ջրվեժ և, ի պատիվ իր երկրի թագուհու, անվանել է Վիկտորիա, ուսումնասիրել է Կոնգո գետի ակունքը, Նյասա լիճը և այլն։ Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում։ Մայրցամաքը հյուսիսից հարավ ձգվում է 8000 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ (հյուսիսում)։ Աֆրիկայի ափերը ողողվում են Ատլանտյան ու Հնդկական օվկիանոսների և դրանց մաս կազմող Միջերկրական ու Կարմիր ծովերի ջրերով։ Միակ խոշոր կղզին Մադագասկարն է, իսկ Մադեյրա, Ազորյան, Կանարյան, Սուրբ Հեղինեի (Ատլանտյան օվկիանոսում) և Զանզիբար, Կոմորյան, Մասկարենյան (Հնդկական օվկիանոսում) կղզիները համեմատաբար փոքր են։ Աֆրիկայի ռելիեֆում տիրապետում են տարբեր բարձրության սարահարթերը, և միայն ծայրամասերում են բարձրանում լեռները։ Առավել բարձր են արևելյան շրջանները, որտեղ գտնվում են Արևելաաֆրիկյան սարահարթը և Եթովպական բարձրավանդակը։ Աֆրիկայի հյուսիսում ձգվում են Ատլասի, հարավում՝ Դրակոնյան և Կապի լեռները։ Մայրցամաքի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով։ Ալժիրում, Սահարայի ավազների տակ, հայտնաբերվել են նավթի պաշարներ։ Կենտրոնական մասում՝ Կոնգո գետի ավազանում են գտնվում պղնձի հայտնի հանքերն ու ուրանի հանքահորերը։ Հարավը հարուստ է ուրանով, ալմաստով, քրոմով, մանգանով։ Աֆրիկան տալիս է աշխարհի ալմաստի հանույթի 60, ոսկու ավելի քան 50, ուրանի 30 %-ը, պլատինի գերակշիռ մասը։ Աֆրիկայում գետերը բաշխված են խիստ անհավասարաչափ. հասարակածային և մերձհասարակածային գոտում բազմաթիվ են ջրառատ գետերը, իսկ արևադարձային գոտում քիչ են ու ծանծաղ, իսկ որոշ շրջաններում (Սահարայի, Կալահարիի ներքին շրջաններ) ընդհանրապես չկան։ Ամենաերկար գետը Նեղոսն է (արաբերեն՝ Էլ Բախր, երկարությունը՝ 6671 կմ), որի դերը անփոխարինելի է գետահովտում ապրող ժողովուրդների համար։ Ամենաջրառատը Կոնգոն է (աշխարհում երկրորդը՝ Ամազոնից հետո)։ Այն երկու անգամ հատում է հասարակածը, առաջացնում է բազմաթիվ սահանքներ ու ջրվեժներ։ Խոշոր գետերից են Նիգերը, Օրանժը և Զամբեզին։ Վերջինիս վրա է գտնվում աշխարհի բնության հրաշալիքներից մեկը՝ Վիկտորիա ջրվեժը (բարձրությունը՝ 120 մ, լայնությունը՝ 1800 մ)։ Ջրի աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ, դրա համար էլ բնիկներն այն անվանում են «աղմկող ծուխ»։ Աֆրիկայում շատ են լճերը՝ Տանգանիկա (խորությամբ աշխարհում երկրորդը՝ Բայկալից հետո), Նյասա, Մոբուտու Սեսե Սեկո, Վիկտորիա։ Ուշագրավ է Սահարա անապատի հարավում գտնվող Չադ լիճը, որի ափագիծը կայուն չէ. ամառային խոնավ սեզոնում, երբ նրա մեջ թափվող Շարի գետը վարարում է, լճի մակերեսը մեծանում է, իսկ ձմռանը՝ փոքրանում։ Աֆրիկան միակ մայրցամաքն է, որը հասարակածով կիսվում է երկու գրեթե հավասար մասերի և ընկած է երկու արևադարձների միջև՝ ջերմային տաք գոտում։ Այդ պատճառով էլ այն ամենատաք մայրցամաքն է. բացառություն են կազմում միայն հյուսիսային և հարավային ծայրամասերը, որոնք գտնվում են բարեխառն գոտում։ Տարվա նույն ժամանակահատվածում, երբ հյուսիսում ձմեռ է, հարավում ամառ է, և՝ հակառակը։ Չորս կողմն անապատ է, որտեղ մերթ դեղին ավազներ են, մերթ՝ գորշ, հողմահարված քարեր։ Միգապատ երկնքից տապ է թափվում, ոչ ջուր կա, ոչ կանաչ թուփ։ Այստեղ տարածվում է աշխարհի ամենախոշոր անապատը՝ Սահարան (7 մլն կմ2), որտեղ ջերմաստիճանը հասնում է + 58օC-ի (ստվերում), իսկ ավազի մակերեսին՝ + 80օC-ի։ Օդը Սահարայում չոր է ու փոշոտ։ Ուժեղ քամու՝ սամումի (արաբերեն՝ տոթակեզ քամի) ժամանակ փոշին ու ավազը թափանցում են ամենուրեք, երկինքը մթնում է ավազափոշուց, օդում 2–3 ժամ շարունակ յուրահատուկ մետաղային ձայներ են լսվում. դա օդում սլացող ավազահատիկների «երաժշտությունն է»։ Սահարայի ընդարձակ, անջուր, միապաղաղ գորշ ավազների գրկում հանդիպում են փոքրիկ կանաչ կղզյակներ՝ օազիսներ։ Ամբողջ տարին այստեղ փարթամ կանաչ է։ Արևադարձային անտառները բազմաշարահարկ են, որի միջով կարելի է անցնել միայն կացնի օգնությամբ. ծառեր, թփեր, լիաններ, հաստ ու հյութեղ տերևներ, երփներանգ ու բուրումնավետ արտասովոր ծաղիկներ, թռչուններ, որ նման են ծաղիկների, և մեծ թիթեռներ, որ նման են թռչունների։ Տարածված է նաև ցեցե ճանճը, որի խայթոցը մարդու մոտ առաջացնում է քնախտ հիվանդությունը, իսկ ընտանի խոշոր եղջերավոր անասունների ու ձիերի համար մահացու է։ Աֆրիկան նաև տափաստան է, բայց և տափաստան չէ. հոտավետ հարթավայրում կարմրագորշ ժայռեր են։ Հեռվում գանգրահեր պուրակներ են, իսկ երբ մոտենում ես, պարզվում է՝ վիթխարի ծառեր են՝ բաոբաբներ (նրանց կյանքի տևողությունը 4–5 հզ. տարի է)։ Շատ են հովանոցաձև սաղարթներով ակացիաները և արմավենիների տարբեր տեսակները։ Այդպիսին է աֆրիկյան հռչակավոր սավաննան, որի հետ իր կենդանական և բուսական աշխարհների հարստությամբ չի կարող համեմատվել երկրագնդի ոչ մի բնական գոտի։ Աֆրիկայում հանդիպում է ծաղկավոր բույսերի ավելի քան 3700 ցեղ (40 հզ. տեսակ), որից 900-ը բնաշխարհիկ են։ Հնդկընկույզի (կոկոսյան) ու ձիթատու արմավենիների պտուղներ, կարմիր ծառի և եբենոսի (սև ծառ) արժեքավոր փայտանյութ, խցանածառ և կաուչուկի ծառ՝ այս ամենը մարդուն նվիրում է Աֆրիկայի շռայլ բնությունը։ Աֆրիկական արգավանդ հողում աճում են նաև կակաոյի, սուրճի, ադամաթզի, արքայախնձորի, նարնջի, մանգոյի ծառեր։ Աֆրիկան տալիս է փյունիկյան արմավի համաշխարհային բերքի 40, սուրճի և գետնընկույզի 30, սիզալի (ագավայից ստացվող արժեքավոր թել) և կակաոյի 60 %-ը։ Տանզանիան աշխարհում մեխակի գլխավոր արտադրողն է, իսկ Մադագասկարը՝ վանիլի։ Հարուստ է նաև Աֆրիկայի կենդանական աշխարհը։ Անտառներում բնակվում են մարդանման կապիկներ՝ շիմպանզեներ ու գորիլաներ, վարազներ, հովազներ, սավաննաներում՝ ընձուղտներ, վագերաձիեր, փղեր, ռնգեղջյուրներ, ընձառյուծներ, առյուծներ, անապատներում՝ օձեր (ավազային էֆա, գյուրզա, կոբրա), մողեսներ, քարայծեր, շնագայլեր։ Գետերում ու լճերում հանդիպում են կոկորդիլոսներ և գետաձիեր։ Շատ են թռչունները՝ ջայլամներ, սիրամարգեր, մեծ կարմրաթևիկներ, քարտուղար-թռչունը, որը զոհին սպանում է իր երկար ոտքերով։ Մարդու տնտեսական գործունեության հետևանքով (հատկապես վերջին 100 տարիների ընթացքում) Աֆրիկայի բնությունը խիստ փոխվել է. մասամբ ոչնչացվել են արևադարձային անտառները, վարելահողերի է վերածվել սավաննան, ոչնչացվել են շատ վայրի կենդանիներ ու թռչուններ։ Բնական լանդշաֆտները և նախկին հարուստ տեսականին պահպանելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ արգելոցներ ու ազգային պարկեր։ Դրանցից շատերը (Նայրոբի, Նգորոնգորո, Կաֆուեն և այլն) ունեն համաշխարհային նշանակություն։ Հանրահայտ է Կրյուգերի ազգային պարկը (Լիմպոպո գետի միջին հոսանքի շրջանում), որտեղ հավաքված են մայրցամաքի կենդանական աշխարհի գրեթե բոլոր ներկայացուցիչները։ Աֆրիկայի բնակչությունը կազմված է բազմաթիվ ցեղերից և ազգություններից։ Հյուսիսային և Հյուսիսարևելյան Աֆրիկայում ապրում են գլխավորապես եվրոպեոիդ ռասային պատկանող՝ մաշկի բաց գույն ունեցող արաբները և բերբերները, որոնք խոսում են արաբերենի տարբեր բարբառներով։ Իսկ մայրցամաքի մեծ մասը բնակեցված է նեգրոիդ (սև) ռասայի բազմաթիվ ազգություններով, որոնց բնորոշ են մաշկի, մազերի, աչքերի մուգ գույնը, գանգուր մազերը, հաստ շրթունքները, լայն քիթը։ Նրանց խոսակցական լեզուն հիմնականում բանտուն է (աֆրիկյան լեզու)՝ 400 տեղաբնիկ ժողովուրդների լեզուն։ Իսկ ընդհանրապես խոսում են 2 հզ-ից ավելի լեզուներով։ Ամեն ազգություն ունի իր սովորույթներն ու ավանդույթները, միայն իրեն բնորոշ հագուստաձևերը և կացարանները. շատ են նաև ընդհանրությունները։ Աֆրիկան կենտրոնական դիրք է գրավում աշխարհի քաղաքական ու տնտեսական կարևոր տարածաշրջանների միջև, թեև իր տնտեսական ու քաղաքական դերը դեռևս շատ համեստ է։ Ժամանակակից աշխարհում Աֆրիկայի հարաբերական փոքր կշիռն առավելապես պայմանավորված է մայրցամաքի պատմական՝ գաղութային անցյալով։ Մայրցամաքի գաղութացումը սկսվել է միջնադարում։ Պորտուգալիան, իսկ այնուհետև Եվրոպայի այլ երկրներ աստիճանաբար գաղութացրել են գրեթե ողջ Աֆրիկան, որի տարածքի 65 %-ը Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի գաղութներն էին։ Գաղութատեր էին նաև Բելգիան, Իսպանիան, Գերմանիան։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան զրկվեց իր գաղութներից (Տոգո, Կամերուն, Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկա, որը ներկայիս Նամիբիան է)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Աֆրիկայում անկախ պետություններ էին Եթովպիան, Լիբերիան, Եգիպտոսը, Հարավաֆրիկյան Միությունը (1961 թվականից՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն), իսկ ավարտից հետո՝ 1950-ական թվականներից սկսվեց Աֆրիկայի երկրների անկախացումը։ 1960 թվականին 17 երկրներ միանգամից անկախություն ստացան, և այդ թվականն անվանվեց «Աֆրիկայի տարի»։ Միջազգային քաղաքական և տնտեսական հարաբերություններում իրենց շահերը միասնաբար պաշտպանելու նպատակով 1963 թվականին ստեղծվել է Աֆրիկյան միասնական կազմակերպությունը (գրասենյակը գտնվում է Ադիս Աբեբայում)։ Ներկայումս Աֆրիկայում կան 53 անկախ պետություններ։ Աֆրիկայի մի շարք երկրներ հին քաղաքակրթության օրրաններից են։ Աֆրիկայի բնիկներն անցել են զարգացման երկար ճանապարհ և նշանակալի ներդրում ունեն համաշխարհային մշակույթի պատմության մեջ՝ կայծքարե հատիչներից մինչև ոսկուց ու արծաթից պատրաստած գլուխգործոցներ։ Հարևան ժողովուրդների զարգացման վրա հատկապես մեծ ազդեցություն է ունեցել Նեղոսի հովտում ձևավորված ինքնատիպ մշակույթը, որը հայտնի է հին եգիպտական կամ փարավոնների երկրի մշակույթ անվամբ։
Արագածոտնի մարզ
Արագածոտնը Հայաստանի մարզերից մեկն է։ Մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է։ Տարածքը՝ 2753 կմ2, բնակչությունը՝ 141 հազար մարդ։ ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին։
Աշխարհագրական դիրքը
Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։
Բնական պայմանները և հարստությունները
Արագածոտնի մարզն զբաղեցնում է Արարատյան ֆիզիկա-աշխարհագրական շրջանի հյուսիս-արևմտյան մասը (950 մ-ից մինչև 4090 մ բացարձակ բարձրությունները)։ Հարավում լեռնալանջերը ձուլում են Արարատյան դաշտին, հյուսիսում ձգվում են մինչև Արագածի լեռնագագաթը։ Արագածոտնը ՀՀ այն մարզերից է, որտեղ հանդիպում են հայտնի բոլոր վերընթաց լանդշտաֆտային գոտիները։
Մարզի մակերևույթի մեծ մասը կազմված է տարբեր տիպի ու բնույթի երիտասարդ հրաբխային լավաներից։ Այստեղ են գտնվում Թալինի, Կարմրաշենի, Ապարանի սարավանդները, որոնց մակերևույթին բնորոշ են խարամային կոները, տուֆային դաշտերը, քարակարկառները։ Բազմաթիվ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները։ Մարզի հիմնական զարկերակը Քասաղ գետն է՝ Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով։ Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը։ Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը հաճախ վարարելով մեծ վնաս է հասցնում ցանքատարածություններին։ Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը։ Մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ կլիման նույնպես բազմազան է։ Մեծ են ցածրադիր և բարձրադիր մասերի կլիմայական պայմանների տարբերությունները։ Եթե տարվա ամենատաք ամսվա՝ հուլիսի միջին ջերմաստիճանը լեռան ստորոտում լինում է 24-ից ոչ պակաս, ապա բարձրլեռնային գոտում չի բարձրանում 6-ից։ Արագածի մերձգագաթային հատվածում նույնիսկ ամռանը կարելի է հանդիպել ձնաբծերի։ Նույն օրինաչափությամբ էլ լանջերն ի վեր փոխվում է մթնոլորտային տեղումների քանակը՝ 400 մմ-ից մինչև 1000 մմ։ Մարզի տարածքը մեծ մասը զբաղեցնում են լեռնային սևահողերը՝ ծածկված տափաստանային բուսականությամբ։ Բարձր լեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հաճախ ընդմիջվում են քարակարկառներով ու լերկ ժայռերով։ Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ։ Օգտակար հանածոները բազմազան չեն, բայց պաշարները մեծ են։ Դրանք հիմնականում հրաբխային ապարատեսակներին են՝ բազմագույն տուֆերը, բազալտը, պեռիլտը, հրաբխային խարամը, որոնք իրենց գոյությամբ պարտական են Արագած լեռան հրաբխային ժայթքումներին և ծառայում են որպես որակյալ շինանյութ։ Մարզը հարուստ է նաև բարձրորակ խմելու ջրի պաշարներով։ Մարզում շատ են ոչ միայն բնական, այլև պատմական ու ճարտարապետական հուշարձանները։ Մարզկենտրոնի հարևանությամբ գտնվող Օշական գյուղում է գտնվում հայ գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմ-դամբարանը։ Մարզի տարածքով մեկ ցրված են միջնադարյան բազմաթիվ կառույցներ՝ կանգուն կամ ավերակ վիճակում։ Հայտնի են հատկապես Ամբերդը, Թալինի, Սաղմոսավանի, Աշտարակի եկեղիցիներն ու վանքերը։ Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրվել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը։
вторник, 16 сентября 2014 г.
Չեմ կարող լռել...
Ես երբ դեռ փոքր երեխա էի, իմ ծնողները ինձ սովորեցրել են լինել բարի, լինել ազնիվ, հարգել մեծերին, պաշտպանել փոքրերին: Պապս միշտ պատմում էր հին սովորույթների մասին և ինձ հորդորում լինել ավանդապահ: Միշտ ասում էր, որ մենք հայ ենք, մենք իրավունք չունենք կտրվելու մեր արմատներից: Ծառը, որ արմատներից կտրես, ծառը կչորանա: Եթե մեր անցյալը մոռանանք կզրկվենք ապագայից: ինձ սովորեցնում էին, որ միշտ սիրեմ ու խոսեմ հայերեն, քանզի դա է մեր մայրենի լեզուն: Հիմա, ես դեռ նոր եմ թևակոխում պատանեկության շեմը, տեսնում եմ, որ իմ սովորածներից ոչինչ չի պահպանվում: Գովազդները գրվում են անգլերեն, հագնվում են եվրոպական ոճով, պարում են արաբական: Ես լինելեվ իմ ծնողների արժանի զավակը, չեմ կարող լռել: Լռել, կնշանակի կորցնել ամեն ինչ: Հակառակը, կոչ եմ անում չմոռանանք մեր անցյալը: Լինենք մեր ազգին արժանի զավակներ:
четверг, 4 сентября 2014 г.
ՎԱՍԻԼ ԲԻԿՈՎ 21-րդ դարի սարսափների մասին
Աշխարհում, ցավոք, ավելի շատ չարիք կա, քան բարին: Մենք գիտենք` ինչ է բարին, ինչ-որ պատկերացումներ, կանոններ ու բանաձևեր ունենք: Չարն անվերջ է ու չսահմանագծված, հակված է ձևափոխությունների ու վերամարմնավորումների: Ահա և մշտական սարսափի պատճառը: Կարծում եմ` այս հազարամյակում չարը հազիվ թե շատ տարբերվի այն ամենից, ինչ եղել է 20-րդ դարում: Թե չարից, թե չարի նկատմամբ մեր սարսափից հիանալի օգտվում են տարբեր տեսակի ու մակարդակի արկածախնդիրները` պայծառատեսները, գուշակները, որ ընդհանուր ոչինչ չունեն ոչ գիտության, ոչ իրականության հետ: Փոխարենը հիանալի գիտեն շուկան և պահանջարկները, ահա և ծաղկում են:
Ուտոպիայի մասին
Հիշենք ժողովրդին` ինչ եղել է, այն էլ լինելու է, ամեն ինչ վերադառնում է իր ափերին: Համոզված եմ, սա ապագայի ճշգրիտ բնորոշումն է: Ինչպես էլ այսօր ձգտենք գիտությամբ, փիլիսոփայությամբ, հասարակագիտությամբ ճշգրիտ բնորոշել ապագան, այն երբեք չի տեղավորվելու կանխատեսումների սահմաններում: Ապագան անկանխատեսելի ու անորսալի է, և դա է նրա հմայքն ու հրաշքը, նրա սարսափը: Գուցե այդ պատճառով է անորսալի կյանքի իմաստը:
Ժողովրդավարության մասին
Առարկելու ոչինչ չունեմ Ուինստոն Չերչիլին, որ ինչպես հայտնի է, նկատել է, թե ժողովրդավարությունը մարդկության ամենամեծ հայտնագործությունը չէ, բայց դրանից ավելի լավ բան դեռ չի հայտնագործված: Մարդու գոյության փորձը վկայում է, որ մարդիկ շատ դժվար են միմյանց հետ լեզու գտնում: Իսկ ժողովրդավարական համակարգը փոխըմբռնումի լավագույն պայմաններ է ստեղծում: Ժողովրդավարությունը բնավ էլ առանց արատների չէ, երբեմն էլ նզովյալ է, որ հաճախ է լինում մեզ նման երկրներում` հետխորհրդային տարածքում: Ես հաճախ եմ զգացել այդ միության հակաբնականությունը, թեև բնավ չէի ընդունում նրա փլուզումը գոնե իմ սերնդի օրոք: Բայց պատմությունը կախված է նաև դեպքերից: Ահա և այդ դեպքը կատարվեց ԽՍՀՄ-ում որոշակի տեղում, որոշակի ժամանակին: ԽՍՀՄ-ը պետք է փլուզվեր, որովհետև վերջին կայսրությունն էր, համենայն դեպս` Եվրոպայում:
Խորհրդարանի և միապետության մասին
Խորհրդարանը հասարակության ժողովրդավարական ու քաղաքական կուլտուրայի առաջին ցուցանիշն է: Ինչպիսին է խորհրդարանական կուլտուրան, նույնպիսին է ազգի կուլտուրան: Միապետությունը մեր օրերում կառավարման հնացած ձև է: Մենք գիտենք` ինչ է ռուսական միապետությունը և կարող ենք դատել այդ մասին: Եթե իր ժամանակին հնարավոր չեղավ պահպանել, այսօր առավել քան անհնար ու անիմաստ է վերականգնել:
Տարագրության մասին
Իհարկե դժբախտություն է: Պարտադրանք, որովհետև Աստծո ու մարդկանց օրենքներով բնական է ապրել սեփական տանն ու այնտեղ ինքնաարտահայտման հնարավորություններ ունենալ: Ցավոք, ներկա աշխարհում չափազանց շատ մարդիկ տարբեր պատճառներով (տնտեսական, քաղաքական և այլ) բնակության վայր են ընտրում ուրիշ երկրները: Այլ խնդիր է, որ յուրաքանչյուրն այդ իրավունքն ունի, որն ամրագրված է միջազգային իրավունքի փաստաթղթերով: Մեզնից յուրաքանչյուրին պատկանում է ամբողջ աշխարհը: Կարելի է հասկանալ այն պետություններին, որ կարգավորում են արտասահմանցիների ներհոսքը իրենց պետություններ` պաշտպանելով սեփական ազգային, քաղաքական, տնտեսական, մշակութային շահերը: Արտագաղթի խնդիրը բազմաբարդ է և պահանջում է համընդհանուր լուծումներ:
Նախանձի և հումորի մասին
Պետական խնդիրները շատ ավելի սերտ են առնչվում մարդու բնավորությանը, քան թվում է առաջին հայացքից: Օրինակ, նախանձը: Այդ զգացումը հատուկ է աղքատներին, մերժվածներին ու մարգինալներին: Պատահական չէ, որ չինացիները նախանձն անվանում են կարմիր աչքերի հիվանդություն: Միևնույն ժամանակ, այդ հատկությունը բնորոշ է հոգեբանությանը և բոլոր մարդկանց` դաստիարակության, նյութական վիճակի, նույնիսկ ծնյալ պաթալոգիաների բերումով: Անտարակույս, արգահատելի հատկանիշ է, և կարգին մարդը պիտի իրենից վանի կամ հնարավորինս ձերբազատվի այդ վիճակից: Նախանձն ունի ինչ-որ անբացատրելի ուժ, որ կործանում է և նախանձողին, և նրան, ում նախանձում են: Հումորը կարող է օգնել, երբ չի վիրավորում և բարի նկատառումներով է: Ցավոք, այսօր հումորն էլ վերարտադրվում է ինչ-որ վատորակ տեսակով, որը ես պարզապես չեմ հասկանում:
Գրականության մասին
Գրելը նախևառաջ դժվար, հոգնեցուցիչ աշխատանք է: Լինում են պահեր, երբ թվում է` հեղինակին ամեն ինչ հաջողվում է, բայց արձակագրի համար դա հազվադեպ վիճակ է: Ներշնչանքն առավել հաճախ բանաստեղծների հյուրն է: Գրողները փառասեր ու պատվախնդիր են, շատերը կարծում են` հենց նոր երկը հրատարակվի, Աստծո օրհնանքը պիտի հեղվի իրենց վրա: Ավաղ, առավել հաճախ վրա է հասնում հիասթափությունը: Ինչ արած: Այդ է մեր մասնագիտությունը:
Գրականության մեջ ինձ միշտ գրավել են խառնվածքները: Դա նորություն չէ, և ես ավանդույթի ուժով հավատարիմ եմ մնում սոցիալական կարծրատիպերին և չեմ մոռանում Վ. Բելինսկու խորհուրդը` սոցիալականություն կամ մահ: Ուրիշ հեղինակների դեպքում էլ ես գնահատում եմ սոցիալական ուղղվածությունը, որ ռեալիստական արվեստի հիմքն է: Գրականության մեջ ինչ-որ սինթետիկ կերպարների ստեղծումը, ըստ իս, անարժան զբաղմունք է:
Գրողը և քաղաքականությունը
Գրողն, այնուամենայնիվ, մարդ է: Բացի այդ` քաղաքացի: Նա ապրում է որոշակի հասարակության մեջ, որից չի կարող սահմանազատվել: Ես երբեք չեմ ցանկացել զբաղվել քաղաքականությամբ, բայց ստիպված եմ եղել: Որովհետև բանականությունից բացի մենք օժտված ենք հույզերով, որոնք թույլ չեն տալիս անտարբեր լինել այն ամենին, ինչ կատարվում է մեր հայրենիքում:
Գաբրիել Գարսիա Մարկեսի 20 իմաստուն մտքերը
1) Նա, ով շատ է սպասում, քիչ բան կարող է ակնկալել:
2) Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ նա, ով արժանի է, չի ստիպի քեզ արտասվել:
3) Մի՛ արտասվիր, որովհետև դա ավարտվեց, ժպտա՛, որովհետև դա պատահեց քո կյանքում:
4) Այդքան շատ մի՛ պայքարիր: Լավագույն բաները պատահում են այն ժամանակ, երբ չես ակնկալում դրանց:
5) Ոչ, ես հարուստ չեմ: Ես աղքատ մարդ եմ, ով փող ունի: Դա միևնույն բանը չէ:
6) Այն, ինչ չի բուժվում անգամ երջանկությամբ, ոչ մի դեղով չի բուժվի:
7) Ճիշտ չէ, որ մարդիկ դադարում են երազել, որովհետև ծերանում են, իրականում նրանք ծերանում են, որովհետև դադարում են երազել:
8) Նա դեռևս չափազանց երիտասարդ էր, որպեսզի իմանար, որ սրտի հիշողությունը վանում է վատը և վսեմացնում լավը: Հենց այս հատկության շնորհիվ էլ մենք կարողանում ենք տանել անցյալի բեռը:
9) Բոլոր մարդիկ երեք կյանք ունեն՝ հասարակական, անձնական ու գաղտնի:
10) Մահանալիս ես կզղջամ միայն այն դեպքում, եթե հանուն սիրո չմահանամ
11) Իմաստությունը այն ժամանակ է մեզ այցելում, երբ այն այլևս չի կարող օգնել մեզ:
12) Նա մի վերջին ճիգ գործադրեց իր սրտում այն տեղը գտնելու համար, որտեղ իր սերն արդեն նեխել էր, և չկարողացավ գտնել այն:
13) Ժամանակը չէր անցնում ... Այն շրջապտույտ էր գործում...
14) Ես չեմ հավատում Աստծուն, սակայն ես վախենում եմ նրանից:
15) Ես քեզ սիրում եմ ոչ թե նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:
16) Հետո ես գիտակցեցի, որ հենց կյանքն է ոգեշնչման գերագույն աղբյուրը և որ երազները շատ փոքր մասն են այն հորձանուտի, որի անունն է կյանք:
17) Լրագրության մեջ միայն մի կեղծիքը կանխակալ է դարձնում ողջ աշխատանքը: Մինչդեռ գեղարվեստական գրականության մեջ միայն մի ճշմարիտ փաստը արժանահավատ է դարձնում ողջ ստեղծագործությունը:
18) Վիպասանը կարող է սրտի ուզածն անել այնքան ժամանակ, քանի դեռ նա կարողանում է մարդկանց ստիպել հավատալ իր գրածներին:
19) Ազատությունը հաճախ պատերազմի առաջին վնասն է:
20) Հռչակավոր գրողը, ով ցանկանում է շարունակել իր գրական գործունեությունը, ստիպված է շարունակ պաշտպանվել հռչակից:
ԺԱՆ - ԼՅՈՒԿ ԳՈԴԱՐ
Ժան- Լյուկ Գոդար (ծն. 1930, Փարիզ, Ֆրանսիա)
Դպրոց հաճախել է Նիոնում (Շվեյցարիա) դպրոցում, սովորել Ռոմեր լիցեյում, ապա ուսանել Փարիզի համալսարանում: Սորբոնում անցկացրած տարիներին սկսել է շփվել երիտասարդ կինոռեժիսորների և կինոգետների խմբի հետ, որն էլ ծնունդ տվեց ֆրանսիական «նոր ալիքին»: Ակնառու կարիերայի ընթացքում ստեղծել է ավելի քան 90 ֆիլմ, որոնց թվում են «Վերջին շնչում», «Կինը կին է», «Ապրել իր կյանքով», «Արհամարհանք», «Խենթ Պիեռոն», «Ալֆավիլ», «Արական, իգական» (1966), «Անունը՝ Կարմեն», «Դետեկտիվ», «Գովք սիրուն», «Սոցիալիզմ» գլուխգործոցները:
Ֆիլմացանկ (ընտրանի)
Պչրուհին (1955, կ/մ), «Բետոն» գործողությունը (1958, կ/մ), Բոլորի տղաների անունը Պատրիկ է (1959, կ/մ), Վերջին շնչում (1960), Շարլոտը և նրա ընկերը (1960, կ/մ), Ջրի պատմություն (1961, կ/մ), Կինը կին է (1961), Յոթ մահացու մեղքերը («Ծուլություն» նովելը, 1961), Ապրել իր կյանքով (1962), Փոքրիկ զինվորը (1963), ՌոԳոՊաԳ («Նոր աշխարհ» նովելը, 1963), Կարաբիներները (1963), Արհամարհանք (1963), Օտարների խումբը (1964), Աշխարհի ամենասհրաշալի խարդախությունները («Մեծն խաբեբան» նովելը, 1964), Ամուսնացած կին (1964), Ռեպորտաժ Օռլիի մասին (1964, վավ.), Ալֆավիլ (1965), Փարիզը տարբեր աչքերով «Մոնպառնաս-Լևալուա» նովելը, 1965), Խենթ Պիեռոն (1965), Արական, իգական (1966), Պատրաստված է ԱՄՆ-ում (1966), Երկու-երեք բան, որ գիտեմ նրա մասին (1967), Աշխարհի ամենահին արհեստը («Կանխագուշակություն կամ սերը 2000 թվականին», 1967), Վիետնամից հեռու («Կինոաչք» նովելը, 1967), Չինուհին (1967), Շաբաթավերջ (1967), Մեկին գումարած մեկ (1968, վավ.), Ֆիլմ՝ այլ ֆիլմի պես (1968), Հրճվալի իմանացություն (1968), Բրիտանիայի ձայները (1970, վավ.), Պրավդա (1970, վավ.), Արևելքից փչող քամի (1970), Պայքարն Իտալիայում (1971), Վլադիմիրը և Ռոզան (1971), Ամեն ինչ լավ է (1972), Նամակ Ջեյնին (1972, վավ.), Համար երկու (1975), Այստեղ և այլուր (1974, վավ.), Ի՞նչ կա չկա (1976), Մի քանի դիտարկում «Ով կարող է, թող փրկի (կյանքը)» ֆիլմի ռեժիսուրայի և նկարահանման մասին (1979, կ/մ), Ով կարող է, թող փրկվի (կյանքը) (1980), Կիրք (1982), Նամակ Ֆրեդի Բյուաշին (1982, վավ.), Չարչարանք (1982), Չարչարանք ֆիլմի սցենարը (1982, վավ.), Անունը՝ Կարմեն (1983), Ողջույն քեզ, Մարիամ (1985), Դետեկտիվ (1985), Մեղմ ու կոշտ (1986, կ/մ), Հանդիպելով Վուդի Ալլենին (1986, վավ.), Լիր արքա (1987), Մեներգ («Արմիդա» նովելը, 1987), Աջդ պահիր (1987), Խոսքի ուժը (1988, կ/մ), Նոր ալիք (1990), Գերմանիա, 1990 թվական (1991), Ընդդեմ մոռացման («Թոմաս Ուայնգայի օգտին» նովելը, 1991), Արվեստի մանկությունը (1992, կ/մ), Վայ ինձ (1993), Երեխաները Ռուսաստան-Ռուսաստան են խաղում (1993, կ/մ), Ողջույն քեզ, Սարաևո (1993, կ/մ), ԺԼԳ/ԺԼԳ. ինքնանկար դեկտեմբերին (1994, վավ.), Ֆրանսիական կինոյի 2 x 50 տարին (1995, կ/մ), Հավերժ Մոցարտ (1996), Կինոյի պատմություն(ներ) (1998, կ/մ ֆիլմաշար), Հին տեղը (1999, կ/մ), 21-րդ դարի ծնունդը (2000, կ/մ, վավ.), Գովք սիրո (2001), Տասը րոպեով ավեի մեծ. թավջութակ («Ժամանակի խավարում» նովելը, 2002), Ազատություն և հայրենիք (2002, կ/մ), Մեր երաժշտությունը (2004), Կինոյի պատմության (պատմությունների) ընտիր պահեր (2004, վավ.), Ահա մարդը (2006, կ/մ), Իսկական կեղծ անձնագիր (2006, վավ.), Աղետ (2008, կ/մ), Հարգանքի տուրք Էրիկ Ռոմերին (2010, կ/մ), Սոցիալիզմ (2010), Երեք աղետ (2013, կ/մ), Հրաժեշտ լեզվին (2014), Հառաչանքների կամուրջը (2014, կ/մ):
Հայաստանի բնապահպանություն և բնօգտագործում
Վերջին տասնամյակներում ձևավորվել և բուռն զարգացում է ապրել գիտությունների մի ամբողջ համակարգ՝ Երկիր մոլորակի բնապահպանության և բնօգտագործման վերաբերյալ։ «Մարդկության ինքնաոչնչացման վտանգ», «բնապահպանական և բնօգտագործման հիմնախնդիր» հասկացությունները դարձել են համայն մարդկությանը հուզող հարցեր։ Մարդը գոյատևում և ապահովում Է իր հասարակական առաջընթացը՝ օգտվելով բնության բարիքներից։ Մարդու վերաբերմունքը բնական միջավայրի նկատմամբ ի սկզբանե եղել Է սպառողական, բայց այդ միջավայրի ինքնազարգացման և ինքնավերականգնման միջոցով «բուժվել են» մարդահարույց վնասները։ Այժմ մարդու ակտիվ ներգործությունը բնական միջավայրի վրա այնպիսի ծավալներ Է ընդունել, որ խախտվել Է ինքնակարգավորման ու ինքնազարգացման ընթացքը (վերջին 30 տարվա ընթացքում բնությունից կորզվել և օգտագործվել Է այնքան նյութական պաշար, որքան նախորդ 5000 տարվա ընթացքում)։
Հայաստանում բնաշխարհի վրա ներգործության հետևանքով փոփոխությունների մակարդակը համապատասխանում Է բարձր քաղաքակենտրոնացված (ուրբանացված) և զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներին ու նկատելիորեն բարձր է հարևան երկրներից։ Հանրապետության բնակչության 96%-ը կենտրոնացած Է մինչև 2000 մ/բարձրությամբ բնակավայրերում, որը կազմում Է երկրի տարածքի 60%-ը, որտեղ բնակչության խտությունը 171 մարդ/կմ² է, բնակավայրերի խտությունը' մոտ 6 բնակավայր 100 կմ² վրա, ճանապարհային (երկաթուղային և ավտոմոբիլային) ցանցի խտությունը՝ 0, 85 կմ/կմ²։
Հանրապետության տարածքի 12, 7%-ն անտառածածկ Է, իսկ 46, 8%-ն ընդգրկված է գյուղատնտեսական օգտագործման մեջ։
Հայաստանի էներգետիկա
Հայաստանի էներգետիկան բնութագրում է էներգիայի և էլեկտրականության արտադրությունը, սպառումը և արտահանումը Հայաստանում։ Հայաստանի էլեկտրաէներգետիկան հետխորհրդային՝ 1990ականների դաժան ճգնաժամից հետո, շնորհիվ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վերաբացման, մշտապես ավելցուկային հզորություն է ունեցել։[1] Հայաստանը ենթադրվում է, որ ունի նավթի և գազի պաշարներ, սակայն ներկայումս համարյա այդ բոլորը ներկրում է Ռուսաստանից։ Նոր Իրան-Հայաստան գազատարի տարողունակությունը թույլ է տալիս Հայաստանին 2008թ. պահանջարկից երկու անգամ ավել գազով մատակարարել։ Այն ներուժ ունի ապահովելու Հայաստանի էներգետիկ ապահովությունը որպես այլընտրանքային աղբյուր Վրաստանի տարածքով անցնող Ռուսաստանի կողմից վերահսկվող գազատարին։ Չնայած հանածո վառելիքի բացակայությանը, Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրության համար զգալի ռեսուրսներ ունի։ Մեծամորի ատոմակայանը ապահովում է երկրի էլեկտրականության 42.9%-ը։ Հայաստանը ծրագրում է նոր ատոմակայան կառուցել, որը կփոխարինի 1979թ. կառուցած Մեծամորի ատոմակայանին։ Երկիրը նաև ունի տասնմեկ հիդրոէլեկտրակայան և նախատեսվում է Սյունիքում կառուցել Ջերմաղբյուր երկրաջերմային էլեկտրակայան։ Հայաստանի էլեկտրաէներգիայի մնացած մասը արտադրվում է գազի այրմամբ՝ Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայաններ։ Քամու էներգետիկան Հայաստանում թույլ է զարգացած, 2008-ից սկսած Հայաստանում գործում է միայն մի քամու էլեկտրակայան Լոռու մարզում։ Հայկական և Իրանական էներգետիկ սեկտորները այժմ միասին նախագծում են Իրանահայկական էլեկտրակայան, որը կդառնա երկրի ամենամեծ քամու էլեկտրակայանը։[2] Հայաստանը ԵՄ INOGATE էներգետիկ ծրագրի գործընկեր երկիր է։ Եվրամիության էներգետիկ ծրագիրն ունի չորս հիմնական ուղղություններ՝ էներգետիկ անվտանգության կատարելագործում, էներգետիկ շուկայի անդամ երկրների կոնվերգենցիա (միավորում) Եվրամիության ներքին էներգետիկ շուկայի սկզբունքների հիման վրա, էներգետիկայի կայուն զարգացման աջակցություն, ընդհանուր և տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի համար ներդրումների ներգրավում։ [3]
Տարբեր գնահատականներով Հայաստանի էներգետիկ համակարգի մոտ 80 տոկոսը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։
вторник, 8 апреля 2014 г.
Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878
Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878, ծագել է բալկանյան ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների վերելքի և Մերձավոր Արևելքում միջազգային հակասությունների սրման (տե՛ս Արևելյան հարց) պայմաններում: Թուրքական լծի դեմ տեղի ունեցած ապստամբությունները (1875-78-ին՝ Բոսնիայում և Հերցեգովինայում, 1876- ին՝ Բուլղարիայում) Ռուսաստանում առաջ բերեցին լայն շարժում՝ ի պաշտպանություն բալկանյան եղբայրակից ժոդովուրդների: Ցարական կառավարությունը, ձգտելով ուժեղացնել իր ազդեցությունը Բալկաններում, աջակցում էր ապստամբներին: Երբ Թուրքիան մերժեց (Մեծ Բրիտանիայի թելադրանքով) Բոսնիային և Հերցեգովինային ու Բուլղարիային ինքնավարություն տալու նախագիծը, որը մշակվել էր Կ. Պոլսում, դեսպանների միջազգային կոնֆերանսում՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ, ապա Ռուսաստանը 1877-ի ապրիլի 12(24)-ին պատերազմ հայտարարեց Թուրքիային: Ռուսաստանի կողմում հանդես եկավ Ռումինիան, հետագայում նաև Սերբիան. ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ վերսկսեց Չեռնոգորիան: Հունիսի սկզբիս ռուսական զորքերը (145 հզ. մարդ) կենտրոնացան Դանուբի ձախ ափին, նրանց դեմ կանգնեց թուրքական բանակը (ավելի քան 200 հզ. մարդ): Կռվող կողմերի ուժերը գրեթե հավասար էին նաև Կովկասյան ռազմաճակատում: Կովկասյան բանակի (75 հզ. մարդ) հրամանատարն էր Մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչը, թուրքական բանակինը (65-75 հզ մարդ)՝ Ահմեդ Մուխտար փաշան: Բալկանյան ռազմաճակատում ռուսական զորքերը 1877-ի հուլիսից 1878-ի հունվ. ծանր մարտեր մղեցին թշնամու դեմ, կարողացան կոտրել թուրքերի դիմադրությունը, տարան մի շարք հաղթանակներ, ազատագրեցին Բուլղարիան, հունվ. 8-ին գրավեցին Ադրիանապոլիսը և դուրս եկան Կ. Պոլսի մատույցները:
Կովկասյան ռազմաճակատում (Տե՛ս Ռուս-թուրքական պատերազմի կովկասյան ռազմաճակատը (1877-78թթ.))գեն. Ա. Տեր-ՂուկասովիԵրևանյան ջոկատը ապրիլի 17(29)-ին գրավեց Բայազետը, մայիսի 5(17)-ին՝ Արդահանը, նոյեմբ. 6(18)-ին գեն. Հ. Լազարևի զորքերը գրավեցին Կարսը և շարժվեցին դեպի էրզրում:
Բալկանյան ճակատում վճռական հաջողություններն անհանգստացրին Անգլիային և Ավստրո-Հունգարիային: Անգլիական կառավարությունը ռազմանավեր ուղարկեց, որոնց մուտքը Մարմարա ծով ստիպեց ռուսական կառավարությանը հրաժարվել Կ. Պոլիսը գրավելու մտքից: 1878-ի փետր. 19-ին ստորագրվեց Ռուսաստանի համար շահավետ Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որով Ռուսաստանին անցան Բեսարաբիայի հվ. մասը (կորցրել էր 1853-56-ի Ղրիմի պատերազմի ժամանակ), Բաթումը, Կարսը, Բայազետը: Պայմանագրի 16-րդ հոդվածով նախատեսվում էր բարեփոխումներ անցկացնել Արմ. Հայաստանում՝ մինչև ռուսական զորքերը այնտեղից դուրս բերելը: Անհանգստացած Ռուսաստանի հաջողություններից՝ Անգլիան և Ավսրտո-Հունգարիան հասան Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայմանը Բեռլինի կոնգրեսում (1878), որտեղ Ռուսաստանի համար այն ենթարկվեց ոչ շահավետ փոփոխությունների և ճակատագրական եղավ հատկապես հայ ժողովրդի համար:
Պատերազմի հետևանքով թուրքական լծից ազատագրվեցին և անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Բուլղարիան, Սերբիան, Չեռնոգորիան: Ռուսաստանի հաղթանակի հետ մեծ հույսեր էին կապում հայերը: Հազարավոր հայեր կամավոր մտան Հայկական միլիցիայի մեջ, որը կռվում էր ռուսական զորքերի կազմում: Ավելի քան 40 հզ. հայ ընդգրկված էր ռազմական գործողություններին մասնակցող զորամիավորումներում: Հայ կամավորներից շատերը զոհվեցին Կարսի, Բայազետի, էրզրումի գրավման ժամանակ: Գրաված շրջանների հայ բնակիչները բազմապիսի օգնություն էին ցույց տալիս ոուսական զորքերին:
понедельник, 7 апреля 2014 г.
Ռուս-թուրքական 1828-1829 թթ. պատերազմը
Ռուս-պարսկական հաշտության պայմանագրից շատ չանցած՝ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը, որը տեղի էր ունենում երկու ռազմաճակատներում՝ Բալկաններում և Կովկասում:
Հունիս ամսին ռուսական բանակը Պասկևիչի գլխավորությամբ Գյումրիի մոտ անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս: Ճանապարհին նրանք հանդիպում էին ամայացած գյուղերի: Թուրքերը հայ բնակիչներին քշում էին դեպի երկրի խորքերը:
Հակառակորդը մեծ ուժեր էր կուտակել Կարսի անառիկ համարվող բերդում: Երեք օր ու գիշեր կատաղի մարտեր էին մղվում բերդի պարիսպների մոտ: Ի վերջո ռուսներին հաջողվեց գրոհով վերցնել ռազմական կարևոր նշանակություն ունեցող Կարսի բերդը: Ռուսների ձեռքն անցավ մեծաքանակ ռազմամթերք, գերիների թիվը անցնում էր 1300-ից: Կարսից հետո իրար հետևից գրավում են Ախալքալաքը, Ախալցխան, Արդահանը: Ռուսական մի այլ զորամաս գեներալ Ճավճավաձեի գլխավորությամբ գրավում է Բայազետը, ապա՝ Ալաշկերտը:
Ռուսների հաջողությունները և՛ Կովկասում, և՛ Բալկաններում մեծ իրարանցում են առաջացնում ոչ միայն Թուրքիայի, այլև եվրոպական պետությունների կառավարող շրջաններում: Անգլիայի հրահրումով Թուրքիան մեծ ուժեր է կուտակում Էրզրումում (Կարինում) և 1829թ. գարնանը հարձակման անցնում: Նրանք կարողանում են ներխուժել Ախալցխա և կորուստներ պատճառել տեղի կայազորին:
Ռուսական զորքերին հաջողվում է կասեցնել թուրքերի գրոհները և անցնել հակահարձակման: Հունիս ամսին նրանք գրեթե առանց կռվի գրավում են Էրզրումը: Ընկնում է Թուրքիայի ռազմական ամենակարևոր կենտրոնը: Էրզրումի գրավման օրերին Պասկևիչի բանակ եկավ ռուս մեծ բանաստեղծ Ա. Պուշկինը: Նա մոտիկից դիտեց պատերազմական գործողությունները, եղավ Էրզրում քաղաքում, որի մասին իր ուղեգրություններում գրում է. «Մենք տեսանք քաղաքը, որը զարմանալի տեսարան էր ներկայացնում: Թուրքերն իրենց տափակ կտուրներից մռայլ նայում էին մեզ վրա: Հայերն աղմկելով վխտում էին նեղ փողոցներում: Նրանց տղաները վազում էին մեր ձիերի առջևից՝ խաչակնքելով ու կրկնելով՝ քրիստոնյանե՛ր, քրիստոնյանե՛ր»:
Շարունակելով հաղթարշավը՝ ռուսական զորքերը գրավում են Օլթին, Խնուսը, Մուշը և այլ բնակավայրեր:
Պատերազմի ընթացքում արևմտահայությունը ձգտում էր թոթափել թուրքական ծանր լուծը, ուստի և նյութական ու ռազմական օգնություն էր ցույց տալիս ռուսական զորքին: Արևելյան Հայաստանի նման այստեղ ևս կազմակերպվեցին կամավորական ջոկատներ: Բայազետում Մելիք Մարտիրոսյանի գլխավորությամբ մի քանի օրում ձևավորվում է 500 հոգուց բաղկացած ջոկատ, որը ակտիվորեն մասնակցում է պատերազմական գործողություններին: Արևելահայերն իրենց հերթին կազմակերպում են կամավորական ջոկատներ և օգնության հասնում հայրենակիցներին: Ղարաբաղի կամավորական հեծյալ գնդի մասին Ա. Պուշկինը գրել է. «Հունիսի 17-ի առավոտյան մենք նորից լսեցինք հրաձգության ձայներ և երկու ժամ հետո տեսանք Ղարաբաղի գունդը, որը վերադառնում էր՝ բերելով թուրքական 8 դրոշակ»:
понедельник, 24 марта 2014 г.
Ժառանգման իրավունք
Որպես իրավական ինստիտուտ` ժառանգումն առաջացել է մարդկային հասարակության զարգացման վաղ շրջանում, տոհմի քայքայման, առանձնացված ընտանիքների երևան գալու և մասնավոր սեփականության զարգացման հիման վրա: Մասնավոր սեփականության ամրապնդման ու զարգացման արդյունքում ձևավորվել է նաև սեփականատիրոջ ունեցվածքը նրա մահվանից հետո այլ անձանց անցնելու երևույթը, որն էլ անվանվել է ժառանգում: Նախնադարյան համայնական հասարակության գոյության ժամանակաշրջանում, հատկապես նրա զարգացման վաղ շրջանում, երբ մարդկանց պահանջմունքները և դրանց ապահովման միջոցները եղել են ոչ զարգացած, ժառանգությունը ժամանակակից հասկացությամբ գոյություն չի ունեցել, քանի որ ժառանգելու ոչինչ չի եղել: Սակայն հետագայում մարդկային հասարակության զարգացման շնորհիվ առաջացել է մասնավոր սեփականություն, դրա հետ միասին` մարդու` մահվանից հետո սեփականության հետագա ճակատագիրը տնօրինելու իրավունքը: Ընդհանրապես սեփականության, հետևաբար և ժառանգման իրավունքը մարդու կարևորագույն իրավունքներից են: Ժառանգման իրավունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքն է: ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության համաձայն` «յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը»: Ժառանգության վերաբերյալ իրավահարաբերությունը մանրամասն կարգավորում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ բաժինը` ընդգրկելով 70-79 գլուխները: Ժառանգություն հասկացությունը տրված է օրենսգրքի 1184-րդ հոդվածի առաջին մասով, ըստ որի` Ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ տվյալ օրենսգրքի կանոններով: Ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի: Ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե կտակ չկա, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև նշված օրենսգրքով սահմանված այլ դեպքերում: Ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո: Դատարանով քաղաքացուն մահացած ճանաչելն առաջացնում է նույն իրավական հետևանքները, ինչ քաղաքացու մահը: Ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում` այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում: Ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է: Եթե ժառանգատուի բնակության վերջին վայրն արտասահմանում է կամ անհայտ է, ապա ժառանգության բացման վայր է համարվում ժառանգության զանգվածի մեջ մտնող անշարժ գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի, իսկ անշարժ գույքի բացակայության դեպքում շարժական գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի գտնվելու վայրը: Ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները: Ըստ կտակի` ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը գոյություն ունեցող իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները, ինչպես նաև օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները:
Դանտե Ալիգիերի
Ալիգիերի Դանտեն ստեղծագործել է 1280-ական թվականների սկզբից: Պատանեկան տարիների բանաստեղծություններում գովերգել է երիտասարդ մի կնոջ՝ Բեատրիչեին, որի անժամանակ մահը երկար տարիներ սգացել է: Այդ շրջանի սոնետներում և արձակ գործերում Դանտեն մեծ տեղ է հատկացրել երկրային սիրուն և մարդ -անհատի հոգևոր աշխարհին:
Դանտեն ակտիվորեն մասնակցել է Ֆլորենցիայի քաղաքական կյանքին: Հարել է «սպիտակ» գվելֆներին (առևտրաարհեստագործական շրջանների շահերը պաշտպանող կուսակցություն): «Սև» գվելֆների (քաղաքային ազնվականության կուսակցություն) հաղթանակից հետո տարագրվել է, հեռակա դատապարտվել մահվան: Ավելի ուշ հեռացել է «սպիտակներից»: Կյանքի վերջին 6 տարին անցկացրել է Ռավեննայում:
1304–09 թթ-ին իտալերեն գրել է «Խնջույք» փիլիսոփայական երկը, լատիներեն՝ «Ժողովրդական խոսքի մասին» մենագրությունը:
Դանտեի ստեղծագործության գլուխգործոցը «Կատակերգություն» պոեմն է (գրել է մոտ 1307–21 թթ-ին), որը հետագայում անվանել են «Աստվածային կատակերգություն»: Այն մտածված է որպես տեսիլք-ճանապարհորդություն հանդերձյալ աշխարհ. բաղկացած է 3 մասից՝ «Դժոխք», «Քավարան», «Դրախտ»: Պոեմի հերոս Դանտեն մարմնավորում է մեղքերի մեջ կորած մարդկությանը: Պոեմն ամփոփում է միջնադարյան աշխարհայեցողությունը և այլաբանորեն մարդկությանը փրկության ու երջանկության ճանապարհն է ցույց տալիս: Դանտեն հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսի (երկրային բանականության խորհրդանիշը) առաջնորդությամբ իջնում է Դժոխք, անցնում մեղքերի 9 շրջանների միջով, ապա բարձրանում է Քավարանի լեռը, մաքըրվում մեղքերից և Բեատրիչեի (աստվածային բանականության խորհրդանիշը) ուղեկցությամբ մտնում է Դրախտ:
Պոեմի բազմաթիվ հերոսներից առանձնանում են իմաստուն ու ներողամիտ Վերգիլիոսը, քնքուշ ու գեղեցիկ Բեատրիչեն, հպարտ, կրքոտ, անհաշտ, միաժամանակ մարդկային տառապանքների հանդեպ զգայուն Դանտեն: Պոեմում բանաստեղծը շոշափել է գիտական-փիլիսոփայական հարցեր, արտացոլել նոր գաղափարներ ու պատմության դրվագներ, ներկայացրել պատմական դեմքերին: Գեղարվեստական ձևի ու բովանդակության տեսակետից պոեմը սահմանագիծ է եվրոպական նոր գրականության պատմության մեջ:
Միջնադարյան գրականության մեջ առաջին անգամ մեծ տեղ է հատկացված բնության նկարագրությանը: Դժոխքում բնությունը դաժան և խստաշունչ է՝ սև ու արնագույն երանգներով, քավարանը նկարագրված է ծովի վրա գտնվող արևով ողողված լեռան պատկերով, որի գագաթին էլ ծաղկած մարգագետինն է ու կեչու անտառը՝ երկրային դրախտը:
Դանտեն պոեմում այլաբանական պատկերներով նկարագրել է իր ապրած ժամանակաշրջանն ու ժամանակակիցներին: Երկը գեղարվեստական
տպավորիչ պատկերներով հաստատում է Աստծու գոյությունն ու մարդու
կյանքում աստվածայինի առաջնայնությունը:
Դանտեի հումանիստական գաղափարների հիմքում հետաքրքրությունն է երկրային կյանքի, անհատի ճակատագրի նկատմամբ:
Դանտեի ստեղծագործությունները հայերեն առաջինը թարգմանել են Վենետիկի Մխիթարյան միաբանները: Պոեմի առաջին հայերեն (գրաբար) թարգմանությունը կատարել է Արսեն Բագրատունին, 1866 թ-ին: XIX դարի վերջերին Արսեն Ղազիկյանը ձեռնարկել է պոեմի աշխարհաբար թարգմանությունը, որը տևել է շուրջ 30 տարի (1899–1930 թթ.): Արևելահայերենով առաջին լիակատար թարգմանությունը կատարել է Արբուն Տայանը: Պոեմը լույս է տեսել 1947–59 թթ-ին:
«Աստվածային կատակերգությունը» մեծ ազդեցություն է ունեցել հայ գրականության վրա: Միքայել Նալբանդյանը, Գաբրիել Սունդուկյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ դիմել են դանտեական թեմաներին:
вторник, 18 марта 2014 г.
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում: Տարբերում են շրջակա միջավայրի բնածին և մարդահարույց աղտոտիչներ: Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների պատճառով, իսկ մարդահարույցները՝ մարդու գործունեության հետևանքով: Մարդահարույց աղտոտիչների թվին են դասվում արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային և կենցաղային թափոնները, էներգիայի տարածումը ջերմության (ջերմային աղտոտում), աղմուկի (աղմկային աղտոտում), ճառագայթման (ճառագայթաակտիվ աղտոտում) և այլ ձևերով: Տարբերում են շրջակա միջավայրի աղտոտման մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական տեսակներ: Մեխանիկական աղտոտումը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների և բնական լանդշաֆտների վրա ազդող այլ միջոցառումների հետ: Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով: Քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի, ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է: Կենսաբանական աղտոտումն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկների տարածման միջոցով: Շրջակա միջավայրի աղտոտումն սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության խախտմանը և հանգեցնում է միջավայրի որակական վատթարացման: Բնական աղետների ժամանակ մարդը ենթարկվում է հոգեկան ուժեղ ցնցումների, տվյալ բնակտարածքի հողում կամ ջրում մարդու օրգանիզմին անհրաժեշտ միկրոտարրերի պակասը դառնում է մի շարք հիվանդությունների պատճառ: Սնկիկներով, բակտերիաներով վարակված խմելու ջուրն առաջացնում է ստամոքսաղիքային հիվանդություններ, աղմուկը հանգեցնում է հիպերտոնիկ հիվանդության և գերհույզային (սթրեսային) վիճակի, ճառագայթաակտիվ նյութերի մեծ քանակը պատճառ է դառնում սպիտակարյունության և քաղցկեղի առաջացման: Մթնոլորտում որոշ քիմիական նյութերի առկայությունն առաջ է բերում բրոնխային հեղձուկ և ալերգիական հիվանդություններ: Մարդու տնտեսական գործունեության հետևանքով աղտոտվում են մթնոլորտը, ջրոլորտը և հողը:
Էկոհամակարգեր
Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը` ( հին հուն.՝ οἶκος - բնակատեղի, բնակավայր և σύστημα - համակարգ),կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Էկոլոգիայի հիմնական հասկացություններից է։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների,միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզը։ Որպես էկոհամակարգ ջրավազանի համար բնութագրական են որոշակի բաղադրության նաստվածքները, քիմիական բաղադրությունը և ֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիական արտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները։ Էկոլոգիական համակարգի մեկ այլ օրինակ է – Ռուսաստանի միջին հատվածներում սաղարթախիտ անտառը։ Այս անտառների համար բնութագրական էբնահողը և կայուն բուսական համայնքը և, որպես հետևանք, խիստ որոշված միկրոկլիմայի ցուցանիշները և միջավայրի այս պայմաններին համապատասխանող կենդանի օրգանիզմների կոմպլեքսը։ Մեծ նշանակություն ունի համայնքի տրոֆիկական համակարգը և բիոզանգված ստեղծողների՝ նրա սպառողների և բիոզանգվածը քայքայողների, հարարաբերակցությունը, ինչպես նաև արտադրողականության, էներգիայի և նյութափոխանակության ցուցանիշները, որը թույլ է տալիս որոշել էկոհամակարգի տեսակն ու սահմանները։
Սողանքներ
Սողանքն արտահայտվում է սարերի, բլուրների թեք լանջերում, գետահովիտներում։ Այն զարգանում է տարբեր հողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդում։ Սողանքի առաջացման պատճառներն են՝ ջրով հագենալու հետեւանքով գետնահողի բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, երկրաշարժի եւ այլ ուժեղ պայթյունների հարուցած ցնցումները։ Սողանքներից տուժում են բնակելի եւ արդյունաբերական կառույցները, տրանսպորտային հաղորդակցուղիները, էներգատարները, հանքերը եւ այլն։ Օրինակ, ԱՄՆ-ում սողանքների հասցրած տարեկան վնասը կազմում է մոտ մեկ միլիարդ դոլար։ Այս թիվը տարեցտարի աճելու միտում ունի։ Սակայն այս աղետը չի բավարարվում միայն նյութական վնասներ պատճառելով։ Նույն ԱՄՆ-ում ամեն տարի սողանքի զոհ է դառնում 25 մարդ, որը շատ ավելի է երկրաշարժերից զոհվածների թվից։ Ճապոնիայում այդ թիվը կազմում է բոլոր աղետներից զոհվածների 40-50 տոկոսը, սա այն դեպքում, երբ ճապոնական կղզիները տարաբնույթ աղետների՝ երկրաշարժ, հրաբուխ, ջրհեղեղ ու փոթորիկ, մշտական թիրախ են։ Հայաստանում ամենամեծ սողանքը գրանցվել է 1840 թ. հուլիսին, երբ հայտնի Արարատյան երկրաշարժից Արարատ լեռից պոկվել է մոտ 3 խոր. կմ ծավալով զանգված եւ անցնելով 28 կմ՝ իր ճանապարհին ոչնչացրել է Ս. Հակոբի վանքը, Արալիք քաղաքը, Երեւանի սարդարի
ամառային նստավայրը, մի քանի գյուղ՝ իրենց բնակիչներով, նաեւ պատնեշել է Սեւջուր գետը։ Հայտնի են նաեւ այլ հսկա սողանքներ՝ սկսած 1-ին դարի Արարատյան երկրաշարժից մինչեւ Անիի (1022 եւ 1064), Գառնիի (1679) եւ Ծաղկաձորի (1827) սողանքները։ Այսօր էլ մեր հանրապետությանը պատուհասած եւ սպառնացող տարաբնույթ աղետներից, իրենց ընդգրկումով ու հասցրած վնասներով (տարին՝ մոտ 5 միլիարդ դրամ), առանձնանում են սողանքները։ Տարբեր չափերի ավելի քան երեք հազար օջախներն այսօր ընդգրկում են մոտ 65 հազար հեկտար տարածք։ Դրանցից հարյուրը քարուքանդ են անում բնակավայր ու արտադրություն, ավտոճանապարհ, երկաթուղի, այգիներ ու վարելահողեր։ Սողանքներից խաթարված են Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ, Կավարտ, Համլետավան, Անդրանիկաշեն, Բաղաբուրջ, Գեղանուշ արվարձանների, Վայոց ձորի մարզի Չիվա, Ագարակաձոր, Մարտիրոս, Կոտայքի մարզի Ողջաբերդ, Տավուշի մարզի Հովք, Հաղարծին, Մարտունի գյուղահամայնքների բնակելի տները, հաղորդակցության ուղիները, էլեկտրական ու կապի սյուները եւ այլն։ Միայն 2003 թ. ՀՀ տարածքում գրանցված է 18 սողանքային մարմինների ակտիվացում, որի հետեւանքով զոհվել է 1 մարդ։ Սողանքներն անվանում են նաեւ փոքր (լոկալ) երկրաշարժեր։ ԵՎ եթե երկրաշարժերը կանխատեսել համարյա թե անհնար է, ապա սողանքները հնարավոր է կանխատեսել ու կանխել։ Կարելի էր, բայց չկանխվեց Ողջաբերդի անկումը։ Հայաստանի սողանքների ճնշող մեծամասնությունը մարդու ներգործության հետեւանք է։ Բանն այն է, որ հաճախ առանց մասնագիտական լուրջ հետազոտությունների եւ հաշվարկների ճեղքում ենք սարերն ու բլուրները, կառուցում ճանապարհ ու երկաթուղի, շենք ու շինություն։ Վիրավոր ու բզկտված հողի լեզուն չհասկանալով, նրա թուլացած ու սորուն մարմնին շարունակում ենք նոր վերքեր հասցնել՝ դարավանդներ մխրճել ու ջրել, չթողնելով, որ ջուրը բնականոն հեռանա, բեռնել ու գերբեռնել քարաբետոնային ծանր կառույցներով՝ զրկելով հողը հավասարակշռությունից։ Հողը չի սիրում իրեն չսիրողին, իր լեզուն չհասկացողին. կամ ամլանում է, կամ՝ ոտ առած, ջուր դառած փախչում։ Շռայլ ու բարի բնությունը կամակոր ու հիշաչար է դառնում, երբ նրան կտցահարում են, հոշոտում, խախտում հավասարակշռությունը։ Նրա խռովքը դառնում է անկասելի։
Подписаться на:
Сообщения (Atom)





