вторник, 8 апреля 2014 г.

Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878

Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878, ծագել է բալկանյան ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների վերելքի և Մերձավոր Արևելքում միջազգային հակասությունների սրման (տե՛ս Արևելյան հարց) պայմաններում: Թուրքական լծի դեմ տեղի ունեցած ապստամբությունները (1875-78-ին՝ Բոսնիայում և Հերցեգովինայում, 1876- ին՝ Բուլղարիայում) Ռուսաստանում առաջ բերեցին լայն շարժում՝ ի պաշտպանություն բալկանյան եղբայրակից ժոդովուրդների: Ցարական կառավարությունը, ձգտելով ուժեղացնել իր ազդեցությունը Բալկաններում, աջակցում էր ապստամբներին: Երբ Թուրքիան մերժեց (Մեծ Բրիտանիայի թելադրանքով) Բոսնիային և Հերցեգովինային ու Բուլղարիային ինքնավարություն տալու նախագիծը, որը մշակվել էր Կ. Պոլսում, դեսպանների միջազգային կոնֆերանսում՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ, ապա Ռուսաստանը 1877-ի ապրիլի 12(24)-ին պատերազմ հայտարարեց Թուրքիային: Ռուսաստանի կողմում հանդես եկավ Ռումինիան, հետագայում նաև Սերբիան. ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ վերսկսեց Չեռնոգորիան: Հունիսի սկզբիս ռուսական զորքերը (145 հզ. մարդ) կենտրոնացան Դանուբի ձախ ափին, նրանց դեմ կանգնեց թուրքական բանակը (ավելի քան 200 հզ. մարդ): Կռվող կողմերի ուժերը գրեթե հավասար էին նաև Կովկասյան ռազմաճակատում: Կովկասյան բանակի (75 հզ. մարդ) հրամանատարն էր Մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչը, թուրքական բանակինը (65-75 հզ մարդ)՝ Ահմեդ Մուխտար փաշան: Բալկանյան ռազմաճակատում ռուսական զորքերը 1877-ի հուլիսից 1878-ի հունվ. ծանր մարտեր մղեցին թշնամու դեմ, կարողացան կոտրել թուրքերի դիմադրությունը, տարան մի շարք հաղթանակներ, ազատագրեցին Բուլղարիան, հունվ. 8-ին գրավեցին Ադրիանապոլիսը և դուրս եկան Կ. Պոլսի մատույցները: Կովկասյան ռազմաճակատում (Տե՛ս Ռուս-թուրքական պատերազմի կովկասյան ռազմաճակատը (1877-78թթ.))գեն. Ա. Տեր-ՂուկասովիԵրևանյան ջոկատը ապրիլի 17(29)-ին գրավեց Բայազետը, մայիսի 5(17)-ին՝ Արդահանը, նոյեմբ. 6(18)-ին գեն. Հ. Լազարևի զորքերը գրավեցին Կարսը և շարժվեցին դեպի էրզրում: Բալկանյան ճակատում վճռական հաջողություններն անհանգստացրին Անգլիային և Ավստրո-Հունգարիային: Անգլիական կառավարությունը ռազմանավեր ուղարկեց, որոնց մուտքը Մարմարա ծով ստիպեց ռուսական կառավարությանը հրաժարվել Կ. Պոլիսը գրավելու մտքից: 1878-ի փետր. 19-ին ստորագրվեց Ռուսաստանի համար շահավետ Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որով Ռուսաստանին անցան Բեսարաբիայի հվ. մասը (կորցրել էր 1853-56-ի Ղրիմի պատերազմի ժամանակ), Բաթումը, Կարսը, Բայազետը: Պայմանագրի 16-րդ հոդվածով նախատեսվում էր բարեփոխումներ անցկացնել Արմ. Հայաստանում՝ մինչև ռուսական զորքերը այնտեղից դուրս բերելը: Անհանգստացած Ռուսաստանի հաջողություններից՝ Անգլիան և Ավսրտո-Հունգարիան հասան Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայմանը Բեռլինի կոնգրեսում (1878), որտեղ Ռուսաստանի համար այն ենթարկվեց ոչ շահավետ փոփոխությունների և ճակատագրական եղավ հատկապես հայ ժողովրդի համար: Պատերազմի հետևանքով թուրքական լծից ազատագրվեցին և անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Բուլղարիան, Սերբիան, Չեռնոգորիան: Ռուսաստանի հաղթանակի հետ մեծ հույսեր էին կապում հայերը: Հազարավոր հայեր կամավոր մտան Հայկական միլիցիայի մեջ, որը կռվում էր ռուսական զորքերի կազմում: Ավելի քան 40 հզ. հայ ընդգրկված էր ռազմական գործողություններին մասնակցող զորամիավորումներում: Հայ կամավորներից շատերը զոհվեցին Կարսի, Բայազետի, էրզրումի գրավման ժամանակ: Գրաված շրջանների հայ բնակիչները բազմապիսի օգնություն էին ցույց տալիս ոուսական զորքերին:

понедельник, 7 апреля 2014 г.

Ռուս-թուրքական 1828-1829 թթ. պատերազմը

Ռուս-պարսկական հաշտության պայմանագրից շատ չանցած՝ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը, որը տեղի էր ունենում երկու ռազմաճակատներում՝ Բալկաններում և Կովկասում: Հունիս ամսին ռուսական բանակը Պասկևիչի գլխավորությամբ Գյումրիի մոտ անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս: Ճանապարհին նրանք հանդիպում էին ամայացած գյուղերի: Թուրքերը հայ բնակիչներին քշում էին դեպի երկրի խորքերը: Հակառակորդը մեծ ուժեր էր կուտակել Կարսի անառիկ համարվող բերդում: Երեք օր ու գիշեր կատաղի մարտեր էին մղվում բերդի պարիսպների մոտ: Ի վերջո ռուսներին հաջողվեց գրոհով վերցնել ռազմական կարևոր նշանակություն ունեցող Կարսի բերդը: Ռուսների ձեռքն անցավ մեծաքանակ ռազմամթերք, գերիների թիվը անցնում էր 1300-ից: Կարսից հետո իրար հետևից գրավում են Ախալքալաքը, Ախալցխան, Արդահանը: Ռուսական մի այլ զորամաս գեներալ Ճավճավաձեի գլխավորությամբ գրավում է Բայազետը, ապա՝ Ալաշկերտը: Ռուսների հաջողությունները և՛ Կովկասում, և՛ Բալկաններում մեծ իրարանցում են առաջացնում ոչ միայն Թուրքիայի, այլև եվրոպական պետությունների կառավարող շրջաններում: Անգլիայի հրահրումով Թուրքիան մեծ ուժեր է կուտակում Էրզրումում (Կարինում) և 1829թ. գարնանը հարձակման անցնում: Նրանք կարողանում են ներխուժել Ախալցխա և կորուստներ պատճառել տեղի կայազորին: Ռուսական զորքերին հաջողվում է կասեցնել թուրքերի գրոհները և անցնել հակահարձակման: Հունիս ամսին նրանք գրեթե առանց կռվի գրավում են Էրզրումը: Ընկնում է Թուրքիայի ռազմական ամենակարևոր կենտրոնը: Էրզրումի գրավման օրերին Պասկևիչի բանակ եկավ ռուս մեծ բանաստեղծ Ա. Պուշկինը: Նա մոտիկից դիտեց պատերազմական գործողությունները, եղավ Էրզրում քաղաքում, որի մասին իր ուղեգրություններում գրում է. «Մենք տեսանք քաղաքը, որը զարմանալի տեսարան էր ներկայացնում: Թուրքերն իրենց տափակ կտուրներից մռայլ նայում էին մեզ վրա: Հայերն աղմկելով վխտում էին նեղ փողոցներում: Նրանց տղաները վազում էին մեր ձիերի առջևից՝ խաչակնքելով ու կրկնելով՝ քրիստոնյանե՛ր, քրիստոնյանե՛ր»: Շարունակելով հաղթարշավը՝ ռուսական զորքերը գրավում են Օլթին, Խնուսը, Մուշը և այլ բնակավայրեր: Պատերազմի ընթացքում արևմտահայությունը ձգտում էր թոթափել թուրքական ծանր լուծը, ուստի և նյութական ու ռազմական օգնություն էր ցույց տալիս ռուսական զորքին: Արևելյան Հայաստանի նման այստեղ ևս կազմակերպվեցին կամավորական ջոկատներ: Բայազետում Մելիք Մարտիրոսյանի գլխավորությամբ մի քանի օրում ձևավորվում է 500 հոգուց բաղկացած ջոկատ, որը ակտիվորեն մասնակցում է պատերազմական գործողություններին: Արևելահայերն իրենց հերթին կազմակերպում են կամավորական ջոկատներ և օգնության հասնում հայրենակիցներին: Ղարաբաղի կամավորական հեծյալ գնդի մասին Ա. Պուշկինը գրել է. «Հունիսի 17-ի առավոտյան մենք նորից լսեցինք հրաձգության ձայներ և երկու ժամ հետո տեսանք Ղարաբաղի գունդը, որը վերադառնում էր՝ բերելով թուրքական 8 դրոշակ»: