четверг, 14 мая 2015 г.

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլի գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանստեղծի անունը՝ Իսահակյան։ Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։ Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899 - 1906 թվականին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։ Իսահակյանը մեկնում է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։ Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թվականի «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։ Իսահակյանի արձանը Պանթեոնում։ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և ավաղ մնաց անավարտ։ «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը։ Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...», - սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում։ 1919-1921 թվականներին, Իսահակյանը գործուն մասնակցություն է ունեցել Դաշնակցության Նեմեսիս գործողության նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին: Իսահակյանի տանը բազմիցս է խոսվել Սողոմոն Թեհլերյանի մասին: Նույնիսկ որոշ կարծիքների համաձայն, Թալեաթի սպանությունը նախապես հանձնարարված է եղել Իսահակյանին: Այդ ժամանակահտվածում, Իսահակյանը Բեռլինում բազմիցս հանդիպել է Սողոմոն Թեհլիրյանին և միասին զննել են Թալեաթի լուսանկարները: Այս զննումները նպատակ են ունեցել հայտնաբերելու Թալեաթին, ով 1921 թվականի սկզբներին հաստատվել էր Բեռլին՝ Ալի Սալի Բեյ վաճառականի կեղծանվան տակ: Թեհլիրյանի հետ, Թալեաթ փաշային մի քանի օր հետևել է նաև Իսահակյանը: 1921 թվականիի մարտի 15-ին, Հարդենբուրգ փողոցի մյուս կողմում կանգնած էր Իսահակյանը, որը պատրաստ սպասում էր, որ եթե հանկարծ Թեհլիրյանը չկարողանա սպանել, նա էր սպանելու Թալեաթին: Իսահակյանը նաև մեծ դեր ունեցավ Թեհլերյանի արդարացման գործում: Հետևաբար Ավետիք Իսահակյանը՝ Թալեաթի սպանության կազմակերպիչներից էր և գտնվում էր իրադարձությունների կիզակետում:[2] Այս տեղեկությունները հաստատվեցին հետագայում, նրա ուղարկած և նրան հասցեագրված բազմաթիվ նամակների ու գրառումների միջոցով: Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվել է Իսահակյանին հասցեգրված Արտաշես ստորագրությամբ երեք նամակ, որոնցից մեկում գրված է. «Սիրելի Ավո, այս րոպեին մի թուղթ գրեցի քո հասցեին, որով խնդրում եմ Մուշեղի, Հակոբի և իմ անունով, որ դու Բեռլինում եղած ատենդ աշխատես մեզ համար, որ մեզի թողնին Գերմանիայի, Ուկրաինայի վրայով Կովկաս գնալ: Այստեղից երևի Աշոտն էլ մեզ կընկերանա: Խնդրում ենք, ուրեմն, այս ուղղությամբ ավելին անել…»: Նամակի հեղինակը խոտորջուրցի վրիժառու Արտաշես Գևորգյանն է, որը 1922-ի ամռանը Ստեփան Ծաղիկյանի և Պետրոս Տեր-Պողոսյանի հետ Թիֆլիսում սպանեց Խոտորջուրի ջարդերի անմիջական կազմակերպիչ Ջեմալ փաշային: 1926 թվականին Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ և ապրեց այնտեղ մինչ 1936 թվականին՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։ Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946), 1946–1957 թվականներին Հայաստանի գրողների միություն նախագահն էր։ Մահացել է 1957թ. հոկտեմբերի 17-ին։ Թաղված է Երևանի պանթեոնում։ 1963 թվականի հոկտեմբերի 31–ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։

Հովհաննես Շիրազ

Ծնվել է 1914թ.-ին Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի, Հայաստան)։ [1] Շիրազը մեծացել է աղքատության մեջ։ Առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, հրատարակվել է 1935 թվականին։ Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է«Շիրազ» գրական անունը, որովհետև «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն" (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով)։ Ուսանել է Երևանի Պետական Համալսարանում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտում։ 1958 թվականին հրատարակում է «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը։ Երկրորդ և երրորդ հատորները հրատարակվում են 1965 թվականին և 1974 թվականին։ Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները։ Շիրազի ստեղծագործությունները չափածո են։ Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների ու բանաստեղծությունների, որոնցից են՝ «Անի», «Սիամանթո և Խջեզարե», «Էքսպրոմտ», «Իմ սուրբ Հայրենիք», «Սերս գաղտնի թող մնա», «Հայերի ճակատագիր», «Անդրանիկին» և այլն։ Նա գրել է «Հայոց Դանթեական» մեծածավալ պոեմը, որը Հայոց ցեղասպանության մասին է, թեմա, որն արգելված էր Խորհրդային Միությունում. Գլուխգործոց համարվող այս ստեղծագործության առաջին տարբերակը գրվել է 1941 թ.[2] Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին Խորհրդային Միությունում և մի քանի գլուխներ Բեյրութում և Թեհրանում։ Պոեմը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) լույս տեսավ Երևանում 1990 թվականին։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում, այլ հանրահայտ հայերի կողքին։ Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր։ Նրանց տղան՝ Արա Շիրազը քանդակագործ է։ Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ։ Նրանց որդին, Սիփան Շիրազը պոետ էր։ Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվում Երևանի թիվ 169 դպրոցը և Սպահանի մարզի Ջուղայի մի փողոց։ Գյումրիի 19-րդ դարի կառույցում բացվել է Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը։ [3]

Պարույր Սևակ

Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։ Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Ահա, թե ինչ է գրում բանաստեղծը գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին․ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, անքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։ Հինգ տարեկան էր Պարույրը և արդեն կարդում ու գրում էր, բայց առանց դպրոց գնալու։ Ավելի ճիշտ՝ գնում էր, բայց ոչ «օրինական» ձևով։ Եվ ուսուցիչը հաջորդ տարում՝ 1930 թվականին, թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ։ Դպրոցը գյուղական երեխայի առջև բացեց մի ուրիշ աշխարհ՝ գրքերի աշխարհ, իսկ գիրք չկար։ «Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ հատիկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականության դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց․ գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին․․․»։ Աշակերտական նստարանից սկսած, իսկ համալսարանական տարիներին ու հետագայում առավել ևս, գիրքը՝ վեպ լիներ, թե բանաստեղծությունների ժողովածու, պատմագիտական ուսումնասիրություն, թե փիլիսոփայական տրակտատ, միևնույնն է, ինչ էլ կարդալիս լիներ՝ մատիտը կամ գրիչը անբաժան էին նրանից։ Բնավ չէր հավանում այն գրքերը, որտեղ մատիտը պետք չէր գալիս։ Սիրում էր պոեզիան և հայ բանաստեղծներից շատերի գործերը անգիր գիտեր։ Շատ էր սիրում Հովհաննես Թումանյանին։ «Ես՝ գաղտնիքս մեծ, ինքս՝ փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ․․․․Աստված»։

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանն սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա՝ Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան): 1883 թ-ից բնակվել է Թիֆլիսում: 1883–87 թթ-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1893 թ-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ: Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ: Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ: Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական: Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները: Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ: Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքն են արտահայտված «Գութանի երգը», «Խրճիթում» և այլ բանաստեղծություններում: «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է: «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ, խոսելով հայ ժողովրդի դարավոր պատմության, մաքառումների և տանջալից ուղու մասին, հավատով է պատկերել հայրենիքի անպարտելի ու ստեղծագործ ոգին. Ու մեր աչքերը նայում են կարոտ՝ Հեռու աստղերին Երկնքի ծերին, Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝ Հայոց լեռներում, Կանաչ լեռներում: «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը Թումանյանը գրել է Մեծ եղեռնի օրերին. նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության ու գոյափիլիսոփայության յուրօրինակ խտացում է: Առաջին 2 քառատողերում «Զարկված ու զրկված, ողբի ու որբի հայրենիքի» պատկերներն են, իսկ երրորդը և չորրորդն ավարտվում են «Լույսի և հույսի, նոր ու հզոր հայրենիք» արտահայտություններով: Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուրներ համարել է բանահյուսությունը՝ լեգենդները, առակներն ու ավանդությունները, հեքիաթները («Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Մի կաթիլ մեղրը» և այլն): Այս սկզբունքով են ստեղծված նաև «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները: «Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղը՝ իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով: «Անուշ» պոեմում հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է: Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում այլևս ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին: Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը: Թումանյանը մշակել է 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), փոխադրել այլ ժողովուրդների հեքիաթներ: Նա տիեզերքի, հավերժի, կեցության ու գոյաբանական խնդիրներ է քննել իր քառյակներում, որտեղ անձնական ապրումների ընդհանրացումներով հասել է համամարդկային արժեքների գնահատման. Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին. Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին. Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր, Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին: Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը: «Գիքորում» քաղաքի բարքերին զոհ դարձած գյուղացի պատանու ողբերգական պատմությունն է: Պատմվածքում պատկերված են դարի նյութապաշտությունը և մարդու վեհ երազանքների փլուզումը: Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր: Հզոր ներշնչանքով է գրված «Սասունցի Դավիթ» պոեմը, որտեղ Թումանյանը պատկերել է հայ ժողովրդի ազատաբաղձ ոգին: Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն: 1905–06 թթ-ին հաշտարար դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է: 1918 թ-ին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին: 1899 թ-ին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ: 1912 թ-ին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության, 1918 թ-ին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ: Առաջին համաշխարհային պատերազմում (1914– 1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919–20 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ: Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը: 1916 թ-ին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին: Թումանյանը մասնակցել է «Լուսաբեր» դասագրքի և «Հայ գրողներ» քրեստոմատիայի ստեղծմանը: Իր հոդվածներում արծարծել է հասարակական կյանքի, գրականության, բանահյուսության, հայոց լեզվի ու բարբառների զարգացման հարցեր, գրել է ուսումնասիրություններ Նահապետ Քուչակի, Նաղաշ Հովնաթանի, Խաչատուր Աբովյանի և նրա «Վերք Հայաստանի» վեպի, Սայաթ-Նովայի, հայ հերոսական էպոսի պատմական արմատների մասին: Թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Ջորջ Բայրոնի, Միխայիլ Լերմոնտովի, Հենրի Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից: Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են, լույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, վերածվել երգերի: Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմի) օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր: Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, հունարեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն, ղազախերեն և այլ լեզուներով: Երևանում գործում է Թումանյանի թանգարանը, Դսեղում՝ տուն-թանգարանը: Նրա անունով են կոչվել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, հրապարակ Մոսկվայում, Երևանի տիկնիկային թատրոնը, փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում և Այսրկովկասի տարբեր վայրերում: 1980 թ-ին սահմանվել է Հայաստանի գրողների միության Թումանյանի անվան ամենամյա մրցանակը: 1957 թ-ին օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև` Թատերական հրապարակում, կանգնեցվել է նրա հուշարձանը: ՀՀ 5-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է Թումանյանի դիմանկարը:

Հունաստանի Հանրապետություն

Հունաստանը պետություն է Եվրոպայի հարավ-արևելքում. ընդգրկում է բուն Բալկանյան թերակղզու հարավային մասը և հարակից ավելի քան 100 կղզիներ, որոնք միասին կազմում են երկրի տարածքի 1/5-ը: Խոշոր կղզիներն են Կրետեն, Եվբեան, Հռոդոսը, Լեսբոսը: Հունաստանի ափերը ողողում են Եգեյան, Հոնիական և Միջերկրական ծովերի ջրերը: Ափերը խիստ կտրտված են, ափագծի երկարությունն ավելի քան 15 հզ. կմ է: Այստեղ ծովի մեջ են մխրճվում Խալկեդոնիա, Աթթիկա և Պելեպոնես թերակղզիները: Վերջինս ամենախոշորն է. զբաղեցնում է Հունաստանի տարածքի 1/7-ը: Ժողովրդական ավանդությունը պատմում է, որ երբ Աստված արարեց աշխարհը, վերջին բուռ քարը ծովը նետեց, և առաջացավ Հունաստանը՝ լեռնոտ ու քարքարոտ այդ երկիրը: Լեռներն ու սարահարթերը զբաղեցնում են երկրի տարածքի շուրջ 2/3-ը: Եգեյան ծովի երկայնքով ձգվում են մի քանի փոքր դաշտավայրեր (Ստորին Թրակյան, Սալոնիկի, Թեսալյան): Ամենամեծ լեռնային համակարգը Պինդոսն է: Գերակշռում են միջին բարձրության լեռները, ամենաբարձր կետը Օլիմպոսն է (2911 մ): Կլիման մերձարևադարձային, միջերկրածովյան է. ձմեռը՝ մեղմ ու խոնավ, ամառը՝ շոգ ու չոր: Գետերը կարճ են, լեռնային: Նշանակալի են Վարդարը, Մարիցան, Ստրիմոնը, Նեստոսը, որոնց միայն ստորին հոսանքներն են Հունաստանի տարածքում: Լճերից են Տրիխոնիսը, Վեգորիտիսը, Պրեսպան: Երկրի տարածքի 15%-ն անտառածածկ է: Կան երկաթի, մանգանի, քրոմի, նիկելի, բազմամետաղների, մարմարի պաշարներ: Հունաստանի բնակչության մոտ 95%-ը հույներ են: Բնակվում են նաև ալբանացիներ, արոմուններ, թուրքեր, հրեաներ, հայեր, գնչուներ և այլք: Խոշոր քաղաքներն են Աթենքը, Սալոնիկը, Պատրան: Հունաստանի պատմությունը բաժանվում է 2 ժամանակաշրջանի՝ Հին Հունաստան և ներկայիս Հունաստան: Հին Հունաստանը (Հելլադա), որի ժամանակաշրջանն ավարտվում է մինչև մեր թվականության IV դարով, միասնական պետություն չէր. այն մասնատված էր բազմաթիվ քաղաք-պետությունների՝ պոլիսների: Դրանցից ամենախոշորներն էին Աթենքն ու Սպարտան: Աթենքում պետական բոլոր գործերը վարում էին յուրաքանչյուր տարի ընտրվող խորհուրդը և ազատ քաղաքացիները, որոնք հավաքվում էին ժողովրդական ժողովի: Դա աշխարհում ժողովրդավարության առաջին դրսևորումներից էր: Հին հույներն ամենից շատ գնահատում էին իրենց քաղաք-պետությունների ազատությունն ու անկախությունը: Հին հույները ժամանակի ամենաքաղաքակիրթ ժողովուրդներից էին, իսկ Հունաստանը համարվել է երկիր, որտեղ առասպելներ են ծնվում: «Իլիական» և «Ոդիսական» դյուցազներգությունները, որոնք, ըստ ավանդության, ստեղծել է Հոմերոսը մ.թ.ա. XII դարում, համաշխարհային գրականության գլուխգործոցներից են: Հին հունական արվեստն ու մշակույթը դարեր շարունակ եղել են գեղեցկության, հնարամտության, ներդաշնակության, բարձր ճաշակի չափանիշ: Հին հույները վեհաշուք տաճարներ էին կառուցում իրենց աստվածների պատվին: Շատ գեղեցիկ է եղել պատերազմի, հաղթանակի, իմաստության, գիտության, արվեստի, արհեստների և երկրագործության աստվածուհի Աթենաս Պալլասի պատվին Ակրոպոլիսում կանգնեցված Պարթենոն տաճարը: Յուրաքանչյուր քաղաքում անպայման թատրոն կար: Այդ նպատակով կառուցվում էին հատուկ ամֆիթատրոններ: Արիստոֆանեսի կատակերգությունները, Էսքիլեսի, Սոֆոկլեսի և Եվրիպիդեսի ողբերգություններն այժմ էլ բեմադրվում են աշխարհի շատ թատրոններում: Հին հույներն առանձնակի վարպետության էին հասել քանդակագործության ասպարեզում: Քանդակագործներն աստվածներին նվիրված բրոնզակերտ կամ մարմարակերտ արձաններում նրանց պատկերում էին մարտնչող, գեղեցիկ, կենսուրախ և ուժեղ մարդկանց տեսքով: Շատ արձաններ են ստեղծվել Օլիմպիական խաղերի հաղթողների պատվին: Բարձր դասական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից էր քանդակագործ Ֆիդիասը, որը կերտել է նաև Զևսի արձանը Աթենքում: Հին Հունաստանում են ստեղծվել Հին աշխարհի յոթ հրաշալիքներից երեքը՝ Արտեմիսի տաճարը, Զևսի արձանը և Հռոդոսի կոթողը: Հին Հունաստանը գիտությունների հայրենիքն է: Այնտեղ են ձևավորվել դաստիարակության, կրթության առաջին համակարգերը: Աշխարհին հայտնի են փիլիսոփաներ և մեծ գիտնականներ Թալեսը, Պյութագորասը, Սոկրատեսը, Էվկլիդեսը, Պլատոնը, Դեմոկրիտը, Արիստարքոսը, Արիստոտելը, Սոլոնը, Պլուտարքոսը, Հիպոկրատը, Արքիմեդը, քարտեզագետ Միլետան, պատմաբաններ Հերոդոտոսը, Քսենոֆոնը, ժամանակակիցներից` մեծահարուստ Օնասիսը, երգիչներ Մարիա Կալասը, Դեմիս Ռուսոսը և ուրիշներ: Էրատոսթենեսը համարվում է աշխարհագրության «հայրը», իսկ Ստրաբոնը Հին դարաշրջանի աշխարհագրական գիտելիքներն ամփոփել է «Աշխարհագրություն» գրքում, որը բազմաթիվ տեղեկություններ է տալիս նաև Հայաստանի բնության, քաղաքների, հայոց թագավորների մասին: Հին հույներն անվեհեր մարտիկներ էին: Հայտնի է նրանց փոքրաթիվ զորքի հաղթանակը պարսից արքա Դարեհի և նրա որդի Քսերքսեսի դեմ ճակատամարտում՝ Մարաթոն բնակավայրի մոտ: Այդ իրադարձության հետ է կապված «մարաթոնյան վազք» կոչվող ներկայիս մարզաձևի առաջացումն ու անունը: Աշխարհակալ Ալեքսանդր Մակեդոնացու անվան հետ է կապված հին հունական մշակույթի և լեզվի տարածումը դեպի արևելք` նրա գրաված երկրներ, որը պատմության մեջ հայտնի է որպես հելլենիզմի դարաշրջան: IV դարում Հին Հունաստանի տարածքը մտավ Արևելյան հռոմեական կայսրության՝ Բյուզանդիայի կազմի մեջ: Ժամանակակից Հունաստանի պատմությունն սկսվում է 1453 թ-ից, երբ թուրքերը նվաճեցին Կոստանդնուպոլիսը՝ Բյուզանդիայի մայրաքաղաքը: XVII–XVIII դարերում Հունաստանը թուրքական լծի տակ էր: Թուրքերը, որ հասարակական, տնտեսական և մշակութային զարգացման անհամեմատ ցածր մակարդակի վրա էին, կասեցրին Հունաստանի բնականոն զարգացումը: Թուրքական բռնություններից փրկվելու համար հույների մի մասը տարագրվեց Իտալիա, Ավստրիա, Ռուսաստան և այլ երկրներ: Սակայն հույն ժողովուրդը համառորեն պայքարում էր թուրքական լծի դեմ: 1830 թ-ին այդ պայքարը պսակվեց հաղթանակով. Հունաստանը պաշտոնապես հռչակվեց անկախ պետություն: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հունաստանն ընկավ գերմանական տիրապետության տակ և մեծ կորուստներ կրեց: Միայն պատերազմի ավարտին կարողացավ ազատագրվել օտարերկրյա լծից: Հունաստանը ծովային երկիր է: Հունական նավերը Եվրոպա և Ամերիկա են տանում ծխախոտ ու չամիչ, նարինջ ու գինի, ձիթապտղի յուղ ու կաշի, ինչպես նաև ածուխ, բոքսիտներ, երկաթի հանքաքար, մանգան, նիկել և այլ օգտակար հանածոներ: Հունաստանում զարգացած են մետաղաձուլությունը, նավթավերամշակումը (ներմուծվող հումքի հիման վրա), մեքենաշինությունը, հատկապես՝ նավաշինությունը: Սննդի արդյունաբերության մեջ առաջնային նշանակություն ունեն գինու, շաքարի, ձիթապտղի յուղի, ծխախոտի արտադրությունները: Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են մերձարևադարձային պտղաբուծությունը (ձիթենի, խաղող, ցիտրուսներ), ծխախոտի և բամբակենու մշակությունը: Հունաստանում հայտնի են խաղողի Կորինկա և Սուլթանիա տեսակները, որոնցից բարձրորակ չամիչ են ստանում: Արևոտ, հարմար լողափերը, հայտնի առողջարանները, պատմամշակութային բազմաթիվ հուշարձանները դեպի իրենց են ձգում բազմաթիվ զբոսաշրջիկների: Տարեկան Հունաստան է այցելում 7 մլն-ից ավելի զբոսաշրջիկ, ինչը մեծ եկամուտներ է բերում երկրին:

Աֆրիկա

Այս մայրցամաքը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով։ Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո։ Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները։ Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոսի վերին հոսանքները։ Դեպի Հնդկաստան տանող ծովային կարճ ճանապարհ գտնելու նպատակով պորտուգալիայի ծովագնացները 15-րդ դարում ուսումնասիրել են Աֆրիկայի արևմտյան ափերը։ Շրջանցելով այն՝ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման 1498 թվականին առաջին անգամ հասել է Հնդկաստան և պարզել, որ Աֆրիկայի հարավային և արևելյան ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով։ 18-րդ դարի վերջին արդյունավետ եղան անգլիացի հետազոտող Դեյվիդ Լիվինգսթոն ճանապարհորդությունները։ 30 տարի շարունակ (1843–1873 թվականներ) նա ուսումնասիրել է Հարավային Աֆրիկան. հետազոտել է Զամբեզի գետը, նրա վրա հայտնաբերել ջրվեժ և, ի պատիվ իր երկրի թագուհու, անվանել է Վիկտորիա, ուսումնասիրել է Կոնգո գետի ակունքը, Նյասա լիճը և այլն։ Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում։ Մայրցամաքը հյուսիսից հարավ ձգվում է 8000 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ (հյուսիսում)։ Աֆրիկայի ափերը ողողվում են Ատլանտյան ու Հնդկական օվկիանոսների և դրանց մաս կազմող Միջերկրական ու Կարմիր ծովերի ջրերով։ Միակ խոշոր կղզին Մադագասկարն է, իսկ Մադեյրա, Ազորյան, Կանարյան, Սուրբ Հեղինեի (Ատլանտյան օվկիանոսում) և Զանզիբար, Կոմորյան, Մասկարենյան (Հնդկական օվկիանոսում) կղզիները համեմատաբար փոքր են։ Աֆրիկայի ռելիեֆում տիրապետում են տարբեր բարձրության սարահարթերը, և միայն ծայրամասերում են բարձրանում լեռները։ Առավել բարձր են արևելյան շրջանները, որտեղ գտնվում են Արևելաաֆրիկյան սարահարթը և Եթովպական բարձրավանդակը։ Աֆրիկայի հյուսիսում ձգվում են Ատլասի, հարավում՝ Դրակոնյան և Կապի լեռները։ Մայրցամաքի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով։ Ալժիրում, Սահարայի ավազների տակ, հայտնաբերվել են նավթի պաշարներ։ Կենտրոնական մասում՝ Կոնգո գետի ավազանում են գտնվում պղնձի հայտնի հանքերն ու ուրանի հանքահորերը։ Հարավը հարուստ է ուրանով, ալմաստով, քրոմով, մանգանով։ Աֆրիկան տալիս է աշխարհի ալմաստի հանույթի 60, ոսկու ավելի քան 50, ուրանի 30 %-ը, պլատինի գերակշիռ մասը։ Աֆրիկայում գետերը բաշխված են խիստ անհավասարաչափ. հասարակածային և մերձհասարակածային գոտում բազմաթիվ են ջրառատ գետերը, իսկ արևադարձային գոտում քիչ են ու ծանծաղ, իսկ որոշ շրջաններում (Սահարայի, Կալահարիի ներքին շրջաններ) ընդհանրապես չկան։ Ամենաերկար գետը Նեղոսն է (արաբերեն՝ Էլ Բախր, երկարությունը՝ 6671 կմ), որի դերը անփոխարինելի է գետահովտում ապրող ժողովուրդների համար։ Ամենաջրառատը Կոնգոն է (աշխարհում երկրորդը՝ Ամազոնից հետո)։ Այն երկու անգամ հատում է հասարակածը, առաջացնում է բազմաթիվ սահանքներ ու ջրվեժներ։ Խոշոր գետերից են Նիգերը, Օրանժը և Զամբեզին։ Վերջինիս վրա է գտնվում աշխարհի բնության հրաշալիքներից մեկը՝ Վիկտորիա ջրվեժը (բարձրությունը՝ 120 մ, լայնությունը՝ 1800 մ)։ Ջրի աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ, դրա համար էլ բնիկներն այն անվանում են «աղմկող ծուխ»։ Աֆրիկայում շատ են լճերը՝ Տանգանիկա (խորությամբ աշխարհում երկրորդը՝ Բայկալից հետո), Նյասա, Մոբուտու Սեսե Սեկո, Վիկտորիա։ Ուշագրավ է Սահարա անապատի հարավում գտնվող Չադ լիճը, որի ափագիծը կայուն չէ. ամառային խոնավ սեզոնում, երբ նրա մեջ թափվող Շարի գետը վարարում է, լճի մակերեսը մեծանում է, իսկ ձմռանը՝ փոքրանում։ Աֆրիկան միակ մայրցամաքն է, որը հասարակածով կիսվում է երկու գրեթե հավասար մասերի և ընկած է երկու արևադարձների միջև՝ ջերմային տաք գոտում։ Այդ պատճառով էլ այն ամենատաք մայրցամաքն է. բացառություն են կազմում միայն հյուսիսային և հարավային ծայրամասերը, որոնք գտնվում են բարեխառն գոտում։ Տարվա նույն ժամանակահատվածում, երբ հյուսիսում ձմեռ է, հարավում ամառ է, և՝ հակառակը։ Չորս կողմն անապատ է, որտեղ մերթ դեղին ավազներ են, մերթ՝ գորշ, հողմահարված քարեր։ Միգապատ երկնքից տապ է թափվում, ոչ ջուր կա, ոչ կանաչ թուփ։ Այստեղ տարածվում է աշխարհի ամենախոշոր անապատը՝ Սահարան (7 մլն կմ2), որտեղ ջերմաստիճանը հասնում է + 58օC-ի (ստվերում), իսկ ավազի մակերեսին՝ + 80օC-ի։ Օդը Սահարայում չոր է ու փոշոտ։ Ուժեղ քամու՝ սամումի (արաբերեն՝ տոթակեզ քամի) ժամանակ փոշին ու ավազը թափանցում են ամենուրեք, երկինքը մթնում է ավազափոշուց, օդում 2–3 ժամ շարունակ յուրահատուկ մետաղային ձայներ են լսվում. դա օդում սլացող ավազահատիկների «երաժշտությունն է»։ Սահարայի ընդարձակ, անջուր, միապաղաղ գորշ ավազների գրկում հանդիպում են փոքրիկ կանաչ կղզյակներ՝ օազիսներ։ Ամբողջ տարին այստեղ փարթամ կանաչ է։ Արևադարձային անտառները բազմաշարահարկ են, որի միջով կարելի է անցնել միայն կացնի օգնությամբ. ծառեր, թփեր, լիաններ, հաստ ու հյութեղ տերևներ, երփներանգ ու բուրումնավետ արտասովոր ծաղիկներ, թռչուններ, որ նման են ծաղիկների, և մեծ թիթեռներ, որ նման են թռչունների։ Տարածված է նաև ցեցե ճանճը, որի խայթոցը մարդու մոտ առաջացնում է քնախտ հիվանդությունը, իսկ ընտանի խոշոր եղջերավոր անասունների ու ձիերի համար մահացու է։ Աֆրիկան նաև տափաստան է, բայց և տափաստան չէ. հոտավետ հարթավայրում կարմրագորշ ժայռեր են։ Հեռվում գանգրահեր պուրակներ են, իսկ երբ մոտենում ես, պարզվում է՝ վիթխարի ծառեր են՝ բաոբաբներ (նրանց կյանքի տևողությունը 4–5 հզ. տարի է)։ Շատ են հովանոցաձև սաղարթներով ակացիաները և արմավենիների տարբեր տեսակները։ Այդպիսին է աֆրիկյան հռչակավոր սավաննան, որի հետ իր կենդանական և բուսական աշխարհների հարստությամբ չի կարող համեմատվել երկրագնդի ոչ մի բնական գոտի։ Աֆրիկայում հանդիպում է ծաղկավոր բույսերի ավելի քան 3700 ցեղ (40 հզ. տեսակ), որից 900-ը բնաշխարհիկ են։ Հնդկընկույզի (կոկոսյան) ու ձիթատու արմավենիների պտուղներ, կարմիր ծառի և եբենոսի (սև ծառ) արժեքավոր փայտանյութ, խցանածառ և կաուչուկի ծառ՝ այս ամենը մարդուն նվիրում է Աֆրիկայի շռայլ բնությունը։ Աֆրիկական արգավանդ հողում աճում են նաև կակաոյի, սուրճի, ադամաթզի, արքայախնձորի, նարնջի, մանգոյի ծառեր։ Աֆրիկան տալիս է փյունիկյան արմավի համաշխարհային բերքի 40, սուրճի և գետնընկույզի 30, սիզալի (ագավայից ստացվող արժեքավոր թել) և կակաոյի 60 %-ը։ Տանզանիան աշխարհում մեխակի գլխավոր արտադրողն է, իսկ Մադագասկարը՝ վանիլի։ Հարուստ է նաև Աֆրիկայի կենդանական աշխարհը։ Անտառներում բնակվում են մարդանման կապիկներ՝ շիմպանզեներ ու գորիլաներ, վարազներ, հովազներ, սավաննաներում՝ ընձուղտներ, վագերաձիեր, փղեր, ռնգեղջյուրներ, ընձառյուծներ, առյուծներ, անապատներում՝ օձեր (ավազային էֆա, գյուրզա, կոբրա), մողեսներ, քարայծեր, շնագայլեր։ Գետերում ու լճերում հանդիպում են կոկորդիլոսներ և գետաձիեր։ Շատ են թռչունները՝ ջայլամներ, սիրամարգեր, մեծ կարմրաթևիկներ, քարտուղար-թռչունը, որը զոհին սպանում է իր երկար ոտքերով։ Մարդու տնտեսական գործունեության հետևանքով (հատկապես վերջին 100 տարիների ընթացքում) Աֆրիկայի բնությունը խիստ փոխվել է. մասամբ ոչնչացվել են արևադարձային անտառները, վարելահողերի է վերածվել սավաննան, ոչնչացվել են շատ վայրի կենդանիներ ու թռչուններ։ Բնական լանդշաֆտները և նախկին հարուստ տեսականին պահպանելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ արգելոցներ ու ազգային պարկեր։ Դրանցից շատերը (Նայրոբի, Նգորոնգորո, Կաֆուեն և այլն) ունեն համաշխարհային նշանակություն։ Հանրահայտ է Կրյուգերի ազգային պարկը (Լիմպոպո գետի միջին հոսանքի շրջանում), որտեղ հավաքված են մայրցամաքի կենդանական աշխարհի գրեթե բոլոր ներկայացուցիչները։ Աֆրիկայի բնակչությունը կազմված է բազմաթիվ ցեղերից և ազգություններից։ Հյուսիսային և Հյուսիսարևելյան Աֆրիկայում ապրում են գլխավորապես եվրոպեոիդ ռասային պատկանող՝ մաշկի բաց գույն ունեցող արաբները և բերբերները, որոնք խոսում են արաբերենի տարբեր բարբառներով։ Իսկ մայրցամաքի մեծ մասը բնակեցված է նեգրոիդ (սև) ռասայի բազմաթիվ ազգություններով, որոնց բնորոշ են մաշկի, մազերի, աչքերի մուգ գույնը, գանգուր մազերը, հաստ շրթունքները, լայն քիթը։ Նրանց խոսակցական լեզուն հիմնականում բանտուն է (աֆրիկյան լեզու)՝ 400 տեղաբնիկ ժողովուրդների լեզուն։ Իսկ ընդհանրապես խոսում են 2 հզ-ից ավելի լեզուներով։ Ամեն ազգություն ունի իր սովորույթներն ու ավանդույթները, միայն իրեն բնորոշ հագուստաձևերը և կացարանները. շատ են նաև ընդհանրությունները։ Աֆրիկան կենտրոնական դիրք է գրավում աշխարհի քաղաքական ու տնտեսական կարևոր տարածաշրջանների միջև, թեև իր տնտեսական ու քաղաքական դերը դեռևս շատ համեստ է։ Ժամանակակից աշխարհում Աֆրիկայի հարաբերական փոքր կշիռն առավելապես պայմանավորված է մայրցամաքի պատմական՝ գաղութային անցյալով։ Մայրցամաքի գաղութացումը սկսվել է միջնադարում։ Պորտուգալիան, իսկ այնուհետև Եվրոպայի այլ երկրներ աստիճանաբար գաղութացրել են գրեթե ողջ Աֆրիկան, որի տարածքի 65 %-ը Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի գաղութներն էին։ Գաղութատեր էին նաև Բելգիան, Իսպանիան, Գերմանիան։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան զրկվեց իր գաղութներից (Տոգո, Կամերուն, Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկա, որը ներկայիս Նամիբիան է)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Աֆրիկայում անկախ պետություններ էին Եթովպիան, Լիբերիան, Եգիպտոսը, Հարավաֆրիկյան Միությունը (1961 թվականից՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն), իսկ ավարտից հետո՝ 1950-ական թվականներից սկսվեց Աֆրիկայի երկրների անկախացումը։ 1960 թվականին 17 երկրներ միանգամից անկախություն ստացան, և այդ թվականն անվանվեց «Աֆրիկայի տարի»։ Միջազգային քաղաքական և տնտեսական հարաբերություններում իրենց շահերը միասնաբար պաշտպանելու նպատակով 1963 թվականին ստեղծվել է Աֆրիկյան միասնական կազմակերպությունը (գրասենյակը գտնվում է Ադիս Աբեբայում)։ Ներկայումս Աֆրիկայում կան 53 անկախ պետություններ։ Աֆրիկայի մի շարք երկրներ հին քաղաքակրթության օրրաններից են։ Աֆրիկայի բնիկներն անցել են զարգացման երկար ճանապարհ և նշանակալի ներդրում ունեն համաշխարհային մշակույթի պատմության մեջ՝ կայծքարե հատիչներից մինչև ոսկուց ու արծաթից պատրաստած գլուխգործոցներ։ Հարևան ժողովուրդների զարգացման վրա հատկապես մեծ ազդեցություն է ունեցել Նեղոսի հովտում ձևավորված ինքնատիպ մշակույթը, որը հայտնի է հին եգիպտական կամ փարավոնների երկրի մշակույթ անվամբ։

Արագածոտնի մարզ

Արագածոտնը Հայաստանի մարզերից մեկն է։ Մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է։ Տարածքը՝ 2753 կմ2, բնակչությունը՝ 141 հազար մարդ։ ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին։ Աշխարհագրական դիրքը Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։ Բնական պայմանները և հարստությունները Արագածոտնի մարզն զբաղեցնում է Արարատյան ֆիզիկա-աշխարհագրական շրջանի հյուսիս-արևմտյան մասը (950 մ-ից մինչև 4090 մ բացարձակ բարձրությունները)։ Հարավում լեռնալանջերը ձուլում են Արարատյան դաշտին, հյուսիսում ձգվում են մինչև Արագածի լեռնագագաթը։ Արագածոտնը ՀՀ այն մարզերից է, որտեղ հանդիպում են հայտնի բոլոր վերընթաց լանդշտաֆտային գոտիները։ Մարզի մակերևույթի մեծ մասը կազմված է տարբեր տիպի ու բնույթի երիտասարդ հրաբխային լավաներից։ Այստեղ են գտնվում Թալինի, Կարմրաշենի, Ապարանի սարավանդները, որոնց մակերևույթին բնորոշ են խարամային կոները, տուֆային դաշտերը, քարակարկառները։ Բազմաթիվ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները։ Մարզի հիմնական զարկերակը Քասաղ գետն է՝ Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով։ Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը։ Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը հաճախ վարարելով մեծ վնաս է հասցնում ցանքատարածություններին։ Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը։ Մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ կլիման նույնպես բազմազան է։ Մեծ են ցածրադիր և բարձրադիր մասերի կլիմայական պայմանների տարբերությունները։ Եթե տարվա ամենատաք ամսվա՝ հուլիսի միջին ջերմաստիճանը լեռան ստորոտում լինում է 24-ից ոչ պակաս, ապա բարձրլեռնային գոտում չի բարձրանում 6-ից։ Արագածի մերձգագաթային հատվածում նույնիսկ ամռանը կարելի է հանդիպել ձնաբծերի։ Նույն օրինաչափությամբ էլ լանջերն ի վեր փոխվում է մթնոլորտային տեղումների քանակը՝ 400 մմ-ից մինչև 1000 մմ։ Մարզի տարածքը մեծ մասը զբաղեցնում են լեռնային սևահողերը՝ ծածկված տափաստանային բուսականությամբ։ Բարձր լեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հաճախ ընդմիջվում են քարակարկառներով ու լերկ ժայռերով։ Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ։ Օգտակար հանածոները բազմազան չեն, բայց պաշարները մեծ են։ Դրանք հիմնականում հրաբխային ապարատեսակներին են՝ բազմագույն տուֆերը, բազալտը, պեռիլտը, հրաբխային խարամը, որոնք իրենց գոյությամբ պարտական են Արագած լեռան հրաբխային ժայթքումներին և ծառայում են որպես որակյալ շինանյութ։ Մարզը հարուստ է նաև բարձրորակ խմելու ջրի պաշարներով։ Մարզում շատ են ոչ միայն բնական, այլև պատմական ու ճարտարապետական հուշարձանները։ Մարզկենտրոնի հարևանությամբ գտնվող Օշական գյուղում է գտնվում հայ գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմ-դամբարանը։ Մարզի տարածքով մեկ ցրված են միջնադարյան բազմաթիվ կառույցներ՝ կանգուն կամ ավերակ վիճակում։ Հայտնի են հատկապես Ամբերդը, Թալինի, Սաղմոսավանի, Աշտարակի եկեղիցիներն ու վանքերը։ Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրվել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը։