четверг, 14 мая 2015 г.

Աֆրիկա

Այս մայրցամաքը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով։ Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո։ Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները։ Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոսի վերին հոսանքները։ Դեպի Հնդկաստան տանող ծովային կարճ ճանապարհ գտնելու նպատակով պորտուգալիայի ծովագնացները 15-րդ դարում ուսումնասիրել են Աֆրիկայի արևմտյան ափերը։ Շրջանցելով այն՝ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման 1498 թվականին առաջին անգամ հասել է Հնդկաստան և պարզել, որ Աֆրիկայի հարավային և արևելյան ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով։ 18-րդ դարի վերջին արդյունավետ եղան անգլիացի հետազոտող Դեյվիդ Լիվինգսթոն ճանապարհորդությունները։ 30 տարի շարունակ (1843–1873 թվականներ) նա ուսումնասիրել է Հարավային Աֆրիկան. հետազոտել է Զամբեզի գետը, նրա վրա հայտնաբերել ջրվեժ և, ի պատիվ իր երկրի թագուհու, անվանել է Վիկտորիա, ուսումնասիրել է Կոնգո գետի ակունքը, Նյասա լիճը և այլն։ Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում։ Մայրցամաքը հյուսիսից հարավ ձգվում է 8000 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ (հյուսիսում)։ Աֆրիկայի ափերը ողողվում են Ատլանտյան ու Հնդկական օվկիանոսների և դրանց մաս կազմող Միջերկրական ու Կարմիր ծովերի ջրերով։ Միակ խոշոր կղզին Մադագասկարն է, իսկ Մադեյրա, Ազորյան, Կանարյան, Սուրբ Հեղինեի (Ատլանտյան օվկիանոսում) և Զանզիբար, Կոմորյան, Մասկարենյան (Հնդկական օվկիանոսում) կղզիները համեմատաբար փոքր են։ Աֆրիկայի ռելիեֆում տիրապետում են տարբեր բարձրության սարահարթերը, և միայն ծայրամասերում են բարձրանում լեռները։ Առավել բարձր են արևելյան շրջանները, որտեղ գտնվում են Արևելաաֆրիկյան սարահարթը և Եթովպական բարձրավանդակը։ Աֆրիկայի հյուսիսում ձգվում են Ատլասի, հարավում՝ Դրակոնյան և Կապի լեռները։ Մայրցամաքի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով։ Ալժիրում, Սահարայի ավազների տակ, հայտնաբերվել են նավթի պաշարներ։ Կենտրոնական մասում՝ Կոնգո գետի ավազանում են գտնվում պղնձի հայտնի հանքերն ու ուրանի հանքահորերը։ Հարավը հարուստ է ուրանով, ալմաստով, քրոմով, մանգանով։ Աֆրիկան տալիս է աշխարհի ալմաստի հանույթի 60, ոսկու ավելի քան 50, ուրանի 30 %-ը, պլատինի գերակշիռ մասը։ Աֆրիկայում գետերը բաշխված են խիստ անհավասարաչափ. հասարակածային և մերձհասարակածային գոտում բազմաթիվ են ջրառատ գետերը, իսկ արևադարձային գոտում քիչ են ու ծանծաղ, իսկ որոշ շրջաններում (Սահարայի, Կալահարիի ներքին շրջաններ) ընդհանրապես չկան։ Ամենաերկար գետը Նեղոսն է (արաբերեն՝ Էլ Բախր, երկարությունը՝ 6671 կմ), որի դերը անփոխարինելի է գետահովտում ապրող ժողովուրդների համար։ Ամենաջրառատը Կոնգոն է (աշխարհում երկրորդը՝ Ամազոնից հետո)։ Այն երկու անգամ հատում է հասարակածը, առաջացնում է բազմաթիվ սահանքներ ու ջրվեժներ։ Խոշոր գետերից են Նիգերը, Օրանժը և Զամբեզին։ Վերջինիս վրա է գտնվում աշխարհի բնության հրաշալիքներից մեկը՝ Վիկտորիա ջրվեժը (բարձրությունը՝ 120 մ, լայնությունը՝ 1800 մ)։ Ջրի աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ, դրա համար էլ բնիկներն այն անվանում են «աղմկող ծուխ»։ Աֆրիկայում շատ են լճերը՝ Տանգանիկա (խորությամբ աշխարհում երկրորդը՝ Բայկալից հետո), Նյասա, Մոբուտու Սեսե Սեկո, Վիկտորիա։ Ուշագրավ է Սահարա անապատի հարավում գտնվող Չադ լիճը, որի ափագիծը կայուն չէ. ամառային խոնավ սեզոնում, երբ նրա մեջ թափվող Շարի գետը վարարում է, լճի մակերեսը մեծանում է, իսկ ձմռանը՝ փոքրանում։ Աֆրիկան միակ մայրցամաքն է, որը հասարակածով կիսվում է երկու գրեթե հավասար մասերի և ընկած է երկու արևադարձների միջև՝ ջերմային տաք գոտում։ Այդ պատճառով էլ այն ամենատաք մայրցամաքն է. բացառություն են կազմում միայն հյուսիսային և հարավային ծայրամասերը, որոնք գտնվում են բարեխառն գոտում։ Տարվա նույն ժամանակահատվածում, երբ հյուսիսում ձմեռ է, հարավում ամառ է, և՝ հակառակը։ Չորս կողմն անապատ է, որտեղ մերթ դեղին ավազներ են, մերթ՝ գորշ, հողմահարված քարեր։ Միգապատ երկնքից տապ է թափվում, ոչ ջուր կա, ոչ կանաչ թուփ։ Այստեղ տարածվում է աշխարհի ամենախոշոր անապատը՝ Սահարան (7 մլն կմ2), որտեղ ջերմաստիճանը հասնում է + 58օC-ի (ստվերում), իսկ ավազի մակերեսին՝ + 80օC-ի։ Օդը Սահարայում չոր է ու փոշոտ։ Ուժեղ քամու՝ սամումի (արաբերեն՝ տոթակեզ քամի) ժամանակ փոշին ու ավազը թափանցում են ամենուրեք, երկինքը մթնում է ավազափոշուց, օդում 2–3 ժամ շարունակ յուրահատուկ մետաղային ձայներ են լսվում. դա օդում սլացող ավազահատիկների «երաժշտությունն է»։ Սահարայի ընդարձակ, անջուր, միապաղաղ գորշ ավազների գրկում հանդիպում են փոքրիկ կանաչ կղզյակներ՝ օազիսներ։ Ամբողջ տարին այստեղ փարթամ կանաչ է։ Արևադարձային անտառները բազմաշարահարկ են, որի միջով կարելի է անցնել միայն կացնի օգնությամբ. ծառեր, թփեր, լիաններ, հաստ ու հյութեղ տերևներ, երփներանգ ու բուրումնավետ արտասովոր ծաղիկներ, թռչուններ, որ նման են ծաղիկների, և մեծ թիթեռներ, որ նման են թռչունների։ Տարածված է նաև ցեցե ճանճը, որի խայթոցը մարդու մոտ առաջացնում է քնախտ հիվանդությունը, իսկ ընտանի խոշոր եղջերավոր անասունների ու ձիերի համար մահացու է։ Աֆրիկան նաև տափաստան է, բայց և տափաստան չէ. հոտավետ հարթավայրում կարմրագորշ ժայռեր են։ Հեռվում գանգրահեր պուրակներ են, իսկ երբ մոտենում ես, պարզվում է՝ վիթխարի ծառեր են՝ բաոբաբներ (նրանց կյանքի տևողությունը 4–5 հզ. տարի է)։ Շատ են հովանոցաձև սաղարթներով ակացիաները և արմավենիների տարբեր տեսակները։ Այդպիսին է աֆրիկյան հռչակավոր սավաննան, որի հետ իր կենդանական և բուսական աշխարհների հարստությամբ չի կարող համեմատվել երկրագնդի ոչ մի բնական գոտի։ Աֆրիկայում հանդիպում է ծաղկավոր բույսերի ավելի քան 3700 ցեղ (40 հզ. տեսակ), որից 900-ը բնաշխարհիկ են։ Հնդկընկույզի (կոկոսյան) ու ձիթատու արմավենիների պտուղներ, կարմիր ծառի և եբենոսի (սև ծառ) արժեքավոր փայտանյութ, խցանածառ և կաուչուկի ծառ՝ այս ամենը մարդուն նվիրում է Աֆրիկայի շռայլ բնությունը։ Աֆրիկական արգավանդ հողում աճում են նաև կակաոյի, սուրճի, ադամաթզի, արքայախնձորի, նարնջի, մանգոյի ծառեր։ Աֆրիկան տալիս է փյունիկյան արմավի համաշխարհային բերքի 40, սուրճի և գետնընկույզի 30, սիզալի (ագավայից ստացվող արժեքավոր թել) և կակաոյի 60 %-ը։ Տանզանիան աշխարհում մեխակի գլխավոր արտադրողն է, իսկ Մադագասկարը՝ վանիլի։ Հարուստ է նաև Աֆրիկայի կենդանական աշխարհը։ Անտառներում բնակվում են մարդանման կապիկներ՝ շիմպանզեներ ու գորիլաներ, վարազներ, հովազներ, սավաննաներում՝ ընձուղտներ, վագերաձիեր, փղեր, ռնգեղջյուրներ, ընձառյուծներ, առյուծներ, անապատներում՝ օձեր (ավազային էֆա, գյուրզա, կոբրա), մողեսներ, քարայծեր, շնագայլեր։ Գետերում ու լճերում հանդիպում են կոկորդիլոսներ և գետաձիեր։ Շատ են թռչունները՝ ջայլամներ, սիրամարգեր, մեծ կարմրաթևիկներ, քարտուղար-թռչունը, որը զոհին սպանում է իր երկար ոտքերով։ Մարդու տնտեսական գործունեության հետևանքով (հատկապես վերջին 100 տարիների ընթացքում) Աֆրիկայի բնությունը խիստ փոխվել է. մասամբ ոչնչացվել են արևադարձային անտառները, վարելահողերի է վերածվել սավաննան, ոչնչացվել են շատ վայրի կենդանիներ ու թռչուններ։ Բնական լանդշաֆտները և նախկին հարուստ տեսականին պահպանելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ արգելոցներ ու ազգային պարկեր։ Դրանցից շատերը (Նայրոբի, Նգորոնգորո, Կաֆուեն և այլն) ունեն համաշխարհային նշանակություն։ Հանրահայտ է Կրյուգերի ազգային պարկը (Լիմպոպո գետի միջին հոսանքի շրջանում), որտեղ հավաքված են մայրցամաքի կենդանական աշխարհի գրեթե բոլոր ներկայացուցիչները։ Աֆրիկայի բնակչությունը կազմված է բազմաթիվ ցեղերից և ազգություններից։ Հյուսիսային և Հյուսիսարևելյան Աֆրիկայում ապրում են գլխավորապես եվրոպեոիդ ռասային պատկանող՝ մաշկի բաց գույն ունեցող արաբները և բերբերները, որոնք խոսում են արաբերենի տարբեր բարբառներով։ Իսկ մայրցամաքի մեծ մասը բնակեցված է նեգրոիդ (սև) ռասայի բազմաթիվ ազգություններով, որոնց բնորոշ են մաշկի, մազերի, աչքերի մուգ գույնը, գանգուր մազերը, հաստ շրթունքները, լայն քիթը։ Նրանց խոսակցական լեզուն հիմնականում բանտուն է (աֆրիկյան լեզու)՝ 400 տեղաբնիկ ժողովուրդների լեզուն։ Իսկ ընդհանրապես խոսում են 2 հզ-ից ավելի լեզուներով։ Ամեն ազգություն ունի իր սովորույթներն ու ավանդույթները, միայն իրեն բնորոշ հագուստաձևերը և կացարանները. շատ են նաև ընդհանրությունները։ Աֆրիկան կենտրոնական դիրք է գրավում աշխարհի քաղաքական ու տնտեսական կարևոր տարածաշրջանների միջև, թեև իր տնտեսական ու քաղաքական դերը դեռևս շատ համեստ է։ Ժամանակակից աշխարհում Աֆրիկայի հարաբերական փոքր կշիռն առավելապես պայմանավորված է մայրցամաքի պատմական՝ գաղութային անցյալով։ Մայրցամաքի գաղութացումը սկսվել է միջնադարում։ Պորտուգալիան, իսկ այնուհետև Եվրոպայի այլ երկրներ աստիճանաբար գաղութացրել են գրեթե ողջ Աֆրիկան, որի տարածքի 65 %-ը Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի գաղութներն էին։ Գաղութատեր էին նաև Բելգիան, Իսպանիան, Գերմանիան։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան զրկվեց իր գաղութներից (Տոգո, Կամերուն, Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկա, որը ներկայիս Նամիբիան է)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Աֆրիկայում անկախ պետություններ էին Եթովպիան, Լիբերիան, Եգիպտոսը, Հարավաֆրիկյան Միությունը (1961 թվականից՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն), իսկ ավարտից հետո՝ 1950-ական թվականներից սկսվեց Աֆրիկայի երկրների անկախացումը։ 1960 թվականին 17 երկրներ միանգամից անկախություն ստացան, և այդ թվականն անվանվեց «Աֆրիկայի տարի»։ Միջազգային քաղաքական և տնտեսական հարաբերություններում իրենց շահերը միասնաբար պաշտպանելու նպատակով 1963 թվականին ստեղծվել է Աֆրիկյան միասնական կազմակերպությունը (գրասենյակը գտնվում է Ադիս Աբեբայում)։ Ներկայումս Աֆրիկայում կան 53 անկախ պետություններ։ Աֆրիկայի մի շարք երկրներ հին քաղաքակրթության օրրաններից են։ Աֆրիկայի բնիկներն անցել են զարգացման երկար ճանապարհ և նշանակալի ներդրում ունեն համաշխարհային մշակույթի պատմության մեջ՝ կայծքարե հատիչներից մինչև ոսկուց ու արծաթից պատրաստած գլուխգործոցներ։ Հարևան ժողովուրդների զարգացման վրա հատկապես մեծ ազդեցություն է ունեցել Նեղոսի հովտում ձևավորված ինքնատիպ մշակույթը, որը հայտնի է հին եգիպտական կամ փարավոնների երկրի մշակույթ անվամբ։

Комментариев нет:

Отправить комментарий