вторник, 18 марта 2014 г.

Սողանքներ



Սողանքն արտահայտվում է սարերի, բլուրների թեք լանջերում, գետահովիտներում։ Այն զարգանում է տարբեր հողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդում։ Սողանքի առաջացման պատճառներն են՝ ջրով հագենալու հետեւանքով գետնահողի բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, երկրաշարժի եւ այլ ուժեղ պայթյունների հարուցած ցնցումները։ Սողանքներից տուժում են բնակելի եւ արդյունաբերական կառույցները, տրանսպորտային հաղորդակցուղիները, էներգատարները, հանքերը եւ այլն։ Օրինակ, ԱՄՆ-ում սողանքների հասցրած տարեկան վնասը կազմում է մոտ մեկ միլիարդ դոլար։ Այս թիվը տարեցտարի աճելու միտում ունի։ Սակայն այս աղետը չի բավարարվում միայն նյութական վնասներ պատճառելով։ Նույն ԱՄՆ-ում ամեն տարի սողանքի զոհ է դառնում 25 մարդ, որը շատ ավելի է երկրաշարժերից զոհվածների թվից։ Ճապոնիայում այդ թիվը կազմում է բոլոր աղետներից զոհվածների 40-50 տոկոսը, սա այն դեպքում, երբ ճապոնական կղզիները տարաբնույթ աղետների՝ երկրաշարժ, հրաբուխ, ջրհեղեղ ու փոթորիկ, մշտական թիրախ են։ Հայաստանում ամենամեծ սողանքը գրանցվել է 1840 թ. հուլիսին, երբ հայտնի Արարատյան երկրաշարժից Արարատ լեռից պոկվել է մոտ 3 խոր. կմ ծավալով զանգված եւ անցնելով 28 կմ՝ իր ճանապարհին ոչնչացրել է Ս. Հակոբի վանքը, Արալիք քաղաքը, Երեւանի սարդարի
ամառային նստավայրը, մի քանի գյուղ՝ իրենց բնակիչներով, նաեւ պատնեշել է Սեւջուր գետը։ Հայտնի են նաեւ այլ հսկա սողանքներ՝ սկսած 1-ին դարի Արարատյան երկրաշարժից մինչեւ Անիի (1022 եւ 1064), Գառնիի (1679) եւ Ծաղկաձորի (1827) սողանքները։ Այսօր էլ մեր հանրապետությանը պատուհասած եւ սպառնացող տարաբնույթ աղետներից, իրենց ընդգրկումով ու հասցրած վնասներով (տարին՝ մոտ 5 միլիարդ դրամ), առանձնանում են սողանքները։ Տարբեր չափերի ավելի քան երեք հազար օջախներն այսօր ընդգրկում են մոտ 65 հազար հեկտար տարածք։ Դրանցից հարյուրը քարուքանդ են անում բնակավայր ու արտադրություն, ավտոճանապարհ, երկաթուղի, այգիներ ու վարելահողեր։ Սողանքներից խաթարված են Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ, Կավարտ, Համլետավան, Անդրանիկաշեն, Բաղաբուրջ, Գեղանուշ արվարձանների, Վայոց ձորի մարզի Չիվա, Ագարակաձոր, Մարտիրոս, Կոտայքի մարզի Ողջաբերդ, Տավուշի մարզի Հովք, Հաղարծին, Մարտունի գյուղահամայնքների բնակելի տները, հաղորդակցության ուղիները, էլեկտրական ու կապի սյուները եւ այլն։ Միայն 2003 թ. ՀՀ տարածքում գրանցված է 18 սողանքային մարմինների ակտիվացում, որի հետեւանքով զոհվել է 1 մարդ։ Սողանքներն անվանում են նաեւ փոքր (լոկալ) երկրաշարժեր։ ԵՎ եթե երկրաշարժերը կանխատեսել համարյա թե անհնար է, ապա սողանքները հնարավոր է կանխատեսել ու կանխել։ Կարելի էր, բայց չկանխվեց Ողջաբերդի անկումը։ Հայաստանի սողանքների ճնշող մեծամասնությունը մարդու ներգործության հետեւանք է։ Բանն այն է, որ հաճախ առանց մասնագիտական լուրջ հետազոտությունների եւ հաշվարկների ճեղքում ենք սարերն ու բլուրները, կառուցում ճանապարհ ու երկաթուղի, շենք ու շինություն։ Վիրավոր ու բզկտված հողի լեզուն չհասկանալով, նրա թուլացած ու սորուն մարմնին շարունակում ենք նոր վերքեր հասցնել՝ դարավանդներ մխրճել ու ջրել, չթողնելով, որ ջուրը բնականոն հեռանա, բեռնել ու գերբեռնել քարաբետոնային ծանր կառույցներով՝ զրկելով հողը հավասարակշռությունից։ Հողը չի սիրում իրեն չսիրողին, իր լեզուն չհասկացողին. կամ ամլանում է, կամ՝ ոտ առած, ջուր դառած փախչում։ Շռայլ ու բարի բնությունը կամակոր ու հիշաչար է դառնում, երբ նրան կտցահարում են, հոշոտում, խախտում հավասարակշռությունը։ Նրա խռովքը դառնում է անկասելի։


Комментариев нет:

Отправить комментарий