вторник, 8 апреля 2014 г.
Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878
Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878, ծագել է բալկանյան ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների վերելքի և Մերձավոր Արևելքում միջազգային հակասությունների սրման (տե՛ս Արևելյան հարց) պայմաններում: Թուրքական լծի դեմ տեղի ունեցած ապստամբությունները (1875-78-ին՝ Բոսնիայում և Հերցեգովինայում, 1876- ին՝ Բուլղարիայում) Ռուսաստանում առաջ բերեցին լայն շարժում՝ ի պաշտպանություն բալկանյան եղբայրակից ժոդովուրդների: Ցարական կառավարությունը, ձգտելով ուժեղացնել իր ազդեցությունը Բալկաններում, աջակցում էր ապստամբներին: Երբ Թուրքիան մերժեց (Մեծ Բրիտանիայի թելադրանքով) Բոսնիային և Հերցեգովինային ու Բուլղարիային ինքնավարություն տալու նախագիծը, որը մշակվել էր Կ. Պոլսում, դեսպանների միջազգային կոնֆերանսում՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ, ապա Ռուսաստանը 1877-ի ապրիլի 12(24)-ին պատերազմ հայտարարեց Թուրքիային: Ռուսաստանի կողմում հանդես եկավ Ռումինիան, հետագայում նաև Սերբիան. ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ վերսկսեց Չեռնոգորիան: Հունիսի սկզբիս ռուսական զորքերը (145 հզ. մարդ) կենտրոնացան Դանուբի ձախ ափին, նրանց դեմ կանգնեց թուրքական բանակը (ավելի քան 200 հզ. մարդ): Կռվող կողմերի ուժերը գրեթե հավասար էին նաև Կովկասյան ռազմաճակատում: Կովկասյան բանակի (75 հզ. մարդ) հրամանատարն էր Մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչը, թուրքական բանակինը (65-75 հզ մարդ)՝ Ահմեդ Մուխտար փաշան: Բալկանյան ռազմաճակատում ռուսական զորքերը 1877-ի հուլիսից 1878-ի հունվ. ծանր մարտեր մղեցին թշնամու դեմ, կարողացան կոտրել թուրքերի դիմադրությունը, տարան մի շարք հաղթանակներ, ազատագրեցին Բուլղարիան, հունվ. 8-ին գրավեցին Ադրիանապոլիսը և դուրս եկան Կ. Պոլսի մատույցները:
Կովկասյան ռազմաճակատում (Տե՛ս Ռուս-թուրքական պատերազմի կովկասյան ռազմաճակատը (1877-78թթ.))գեն. Ա. Տեր-ՂուկասովիԵրևանյան ջոկատը ապրիլի 17(29)-ին գրավեց Բայազետը, մայիսի 5(17)-ին՝ Արդահանը, նոյեմբ. 6(18)-ին գեն. Հ. Լազարևի զորքերը գրավեցին Կարսը և շարժվեցին դեպի էրզրում:
Բալկանյան ճակատում վճռական հաջողություններն անհանգստացրին Անգլիային և Ավստրո-Հունգարիային: Անգլիական կառավարությունը ռազմանավեր ուղարկեց, որոնց մուտքը Մարմարա ծով ստիպեց ռուսական կառավարությանը հրաժարվել Կ. Պոլիսը գրավելու մտքից: 1878-ի փետր. 19-ին ստորագրվեց Ռուսաստանի համար շահավետ Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որով Ռուսաստանին անցան Բեսարաբիայի հվ. մասը (կորցրել էր 1853-56-ի Ղրիմի պատերազմի ժամանակ), Բաթումը, Կարսը, Բայազետը: Պայմանագրի 16-րդ հոդվածով նախատեսվում էր բարեփոխումներ անցկացնել Արմ. Հայաստանում՝ մինչև ռուսական զորքերը այնտեղից դուրս բերելը: Անհանգստացած Ռուսաստանի հաջողություններից՝ Անգլիան և Ավսրտո-Հունգարիան հասան Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայմանը Բեռլինի կոնգրեսում (1878), որտեղ Ռուսաստանի համար այն ենթարկվեց ոչ շահավետ փոփոխությունների և ճակատագրական եղավ հատկապես հայ ժողովրդի համար:
Պատերազմի հետևանքով թուրքական լծից ազատագրվեցին և անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Բուլղարիան, Սերբիան, Չեռնոգորիան: Ռուսաստանի հաղթանակի հետ մեծ հույսեր էին կապում հայերը: Հազարավոր հայեր կամավոր մտան Հայկական միլիցիայի մեջ, որը կռվում էր ռուսական զորքերի կազմում: Ավելի քան 40 հզ. հայ ընդգրկված էր ռազմական գործողություններին մասնակցող զորամիավորումներում: Հայ կամավորներից շատերը զոհվեցին Կարսի, Բայազետի, էրզրումի գրավման ժամանակ: Գրաված շրջանների հայ բնակիչները բազմապիսի օգնություն էին ցույց տալիս ոուսական զորքերին:
понедельник, 7 апреля 2014 г.
Ռուս-թուրքական 1828-1829 թթ. պատերազմը
Ռուս-պարսկական հաշտության պայմանագրից շատ չանցած՝ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը, որը տեղի էր ունենում երկու ռազմաճակատներում՝ Բալկաններում և Կովկասում:
Հունիս ամսին ռուսական բանակը Պասկևիչի գլխավորությամբ Գյումրիի մոտ անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս: Ճանապարհին նրանք հանդիպում էին ամայացած գյուղերի: Թուրքերը հայ բնակիչներին քշում էին դեպի երկրի խորքերը:
Հակառակորդը մեծ ուժեր էր կուտակել Կարսի անառիկ համարվող բերդում: Երեք օր ու գիշեր կատաղի մարտեր էին մղվում բերդի պարիսպների մոտ: Ի վերջո ռուսներին հաջողվեց գրոհով վերցնել ռազմական կարևոր նշանակություն ունեցող Կարսի բերդը: Ռուսների ձեռքն անցավ մեծաքանակ ռազմամթերք, գերիների թիվը անցնում էր 1300-ից: Կարսից հետո իրար հետևից գրավում են Ախալքալաքը, Ախալցխան, Արդահանը: Ռուսական մի այլ զորամաս գեներալ Ճավճավաձեի գլխավորությամբ գրավում է Բայազետը, ապա՝ Ալաշկերտը:
Ռուսների հաջողությունները և՛ Կովկասում, և՛ Բալկաններում մեծ իրարանցում են առաջացնում ոչ միայն Թուրքիայի, այլև եվրոպական պետությունների կառավարող շրջաններում: Անգլիայի հրահրումով Թուրքիան մեծ ուժեր է կուտակում Էրզրումում (Կարինում) և 1829թ. գարնանը հարձակման անցնում: Նրանք կարողանում են ներխուժել Ախալցխա և կորուստներ պատճառել տեղի կայազորին:
Ռուսական զորքերին հաջողվում է կասեցնել թուրքերի գրոհները և անցնել հակահարձակման: Հունիս ամսին նրանք գրեթե առանց կռվի գրավում են Էրզրումը: Ընկնում է Թուրքիայի ռազմական ամենակարևոր կենտրոնը: Էրզրումի գրավման օրերին Պասկևիչի բանակ եկավ ռուս մեծ բանաստեղծ Ա. Պուշկինը: Նա մոտիկից դիտեց պատերազմական գործողությունները, եղավ Էրզրում քաղաքում, որի մասին իր ուղեգրություններում գրում է. «Մենք տեսանք քաղաքը, որը զարմանալի տեսարան էր ներկայացնում: Թուրքերն իրենց տափակ կտուրներից մռայլ նայում էին մեզ վրա: Հայերն աղմկելով վխտում էին նեղ փողոցներում: Նրանց տղաները վազում էին մեր ձիերի առջևից՝ խաչակնքելով ու կրկնելով՝ քրիստոնյանե՛ր, քրիստոնյանե՛ր»:
Շարունակելով հաղթարշավը՝ ռուսական զորքերը գրավում են Օլթին, Խնուսը, Մուշը և այլ բնակավայրեր:
Պատերազմի ընթացքում արևմտահայությունը ձգտում էր թոթափել թուրքական ծանր լուծը, ուստի և նյութական ու ռազմական օգնություն էր ցույց տալիս ռուսական զորքին: Արևելյան Հայաստանի նման այստեղ ևս կազմակերպվեցին կամավորական ջոկատներ: Բայազետում Մելիք Մարտիրոսյանի գլխավորությամբ մի քանի օրում ձևավորվում է 500 հոգուց բաղկացած ջոկատ, որը ակտիվորեն մասնակցում է պատերազմական գործողություններին: Արևելահայերն իրենց հերթին կազմակերպում են կամավորական ջոկատներ և օգնության հասնում հայրենակիցներին: Ղարաբաղի կամավորական հեծյալ գնդի մասին Ա. Պուշկինը գրել է. «Հունիսի 17-ի առավոտյան մենք նորից լսեցինք հրաձգության ձայներ և երկու ժամ հետո տեսանք Ղարաբաղի գունդը, որը վերադառնում էր՝ բերելով թուրքական 8 դրոշակ»:
понедельник, 24 марта 2014 г.
Ժառանգման իրավունք
Որպես իրավական ինստիտուտ` ժառանգումն առաջացել է մարդկային հասարակության զարգացման վաղ շրջանում, տոհմի քայքայման, առանձնացված ընտանիքների երևան գալու և մասնավոր սեփականության զարգացման հիման վրա: Մասնավոր սեփականության ամրապնդման ու զարգացման արդյունքում ձևավորվել է նաև սեփականատիրոջ ունեցվածքը նրա մահվանից հետո այլ անձանց անցնելու երևույթը, որն էլ անվանվել է ժառանգում: Նախնադարյան համայնական հասարակության գոյության ժամանակաշրջանում, հատկապես նրա զարգացման վաղ շրջանում, երբ մարդկանց պահանջմունքները և դրանց ապահովման միջոցները եղել են ոչ զարգացած, ժառանգությունը ժամանակակից հասկացությամբ գոյություն չի ունեցել, քանի որ ժառանգելու ոչինչ չի եղել: Սակայն հետագայում մարդկային հասարակության զարգացման շնորհիվ առաջացել է մասնավոր սեփականություն, դրա հետ միասին` մարդու` մահվանից հետո սեփականության հետագա ճակատագիրը տնօրինելու իրավունքը: Ընդհանրապես սեփականության, հետևաբար և ժառանգման իրավունքը մարդու կարևորագույն իրավունքներից են: Ժառանգման իրավունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքն է: ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության համաձայն` «յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը»: Ժառանգության վերաբերյալ իրավահարաբերությունը մանրամասն կարգավորում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ բաժինը` ընդգրկելով 70-79 գլուխները: Ժառանգություն հասկացությունը տրված է օրենսգրքի 1184-րդ հոդվածի առաջին մասով, ըստ որի` Ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ տվյալ օրենսգրքի կանոններով: Ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի: Ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե կտակ չկա, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև նշված օրենսգրքով սահմանված այլ դեպքերում: Ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո: Դատարանով քաղաքացուն մահացած ճանաչելն առաջացնում է նույն իրավական հետևանքները, ինչ քաղաքացու մահը: Ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում` այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում: Ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է: Եթե ժառանգատուի բնակության վերջին վայրն արտասահմանում է կամ անհայտ է, ապա ժառանգության բացման վայր է համարվում ժառանգության զանգվածի մեջ մտնող անշարժ գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի, իսկ անշարժ գույքի բացակայության դեպքում շարժական գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի գտնվելու վայրը: Ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները: Ըստ կտակի` ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը գոյություն ունեցող իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները, ինչպես նաև օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները:
Դանտե Ալիգիերի
Ալիգիերի Դանտեն ստեղծագործել է 1280-ական թվականների սկզբից: Պատանեկան տարիների բանաստեղծություններում գովերգել է երիտասարդ մի կնոջ՝ Բեատրիչեին, որի անժամանակ մահը երկար տարիներ սգացել է: Այդ շրջանի սոնետներում և արձակ գործերում Դանտեն մեծ տեղ է հատկացրել երկրային սիրուն և մարդ -անհատի հոգևոր աշխարհին:
Դանտեն ակտիվորեն մասնակցել է Ֆլորենցիայի քաղաքական կյանքին: Հարել է «սպիտակ» գվելֆներին (առևտրաարհեստագործական շրջանների շահերը պաշտպանող կուսակցություն): «Սև» գվելֆների (քաղաքային ազնվականության կուսակցություն) հաղթանակից հետո տարագրվել է, հեռակա դատապարտվել մահվան: Ավելի ուշ հեռացել է «սպիտակներից»: Կյանքի վերջին 6 տարին անցկացրել է Ռավեննայում:
1304–09 թթ-ին իտալերեն գրել է «Խնջույք» փիլիսոփայական երկը, լատիներեն՝ «Ժողովրդական խոսքի մասին» մենագրությունը:
Դանտեի ստեղծագործության գլուխգործոցը «Կատակերգություն» պոեմն է (գրել է մոտ 1307–21 թթ-ին), որը հետագայում անվանել են «Աստվածային կատակերգություն»: Այն մտածված է որպես տեսիլք-ճանապարհորդություն հանդերձյալ աշխարհ. բաղկացած է 3 մասից՝ «Դժոխք», «Քավարան», «Դրախտ»: Պոեմի հերոս Դանտեն մարմնավորում է մեղքերի մեջ կորած մարդկությանը: Պոեմն ամփոփում է միջնադարյան աշխարհայեցողությունը և այլաբանորեն մարդկությանը փրկության ու երջանկության ճանապարհն է ցույց տալիս: Դանտեն հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսի (երկրային բանականության խորհրդանիշը) առաջնորդությամբ իջնում է Դժոխք, անցնում մեղքերի 9 շրջանների միջով, ապա բարձրանում է Քավարանի լեռը, մաքըրվում մեղքերից և Բեատրիչեի (աստվածային բանականության խորհրդանիշը) ուղեկցությամբ մտնում է Դրախտ:
Պոեմի բազմաթիվ հերոսներից առանձնանում են իմաստուն ու ներողամիտ Վերգիլիոսը, քնքուշ ու գեղեցիկ Բեատրիչեն, հպարտ, կրքոտ, անհաշտ, միաժամանակ մարդկային տառապանքների հանդեպ զգայուն Դանտեն: Պոեմում բանաստեղծը շոշափել է գիտական-փիլիսոփայական հարցեր, արտացոլել նոր գաղափարներ ու պատմության դրվագներ, ներկայացրել պատմական դեմքերին: Գեղարվեստական ձևի ու բովանդակության տեսակետից պոեմը սահմանագիծ է եվրոպական նոր գրականության պատմության մեջ:
Միջնադարյան գրականության մեջ առաջին անգամ մեծ տեղ է հատկացված բնության նկարագրությանը: Դժոխքում բնությունը դաժան և խստաշունչ է՝ սև ու արնագույն երանգներով, քավարանը նկարագրված է ծովի վրա գտնվող արևով ողողված լեռան պատկերով, որի գագաթին էլ ծաղկած մարգագետինն է ու կեչու անտառը՝ երկրային դրախտը:
Դանտեն պոեմում այլաբանական պատկերներով նկարագրել է իր ապրած ժամանակաշրջանն ու ժամանակակիցներին: Երկը գեղարվեստական
տպավորիչ պատկերներով հաստատում է Աստծու գոյությունն ու մարդու
կյանքում աստվածայինի առաջնայնությունը:
Դանտեի հումանիստական գաղափարների հիմքում հետաքրքրությունն է երկրային կյանքի, անհատի ճակատագրի նկատմամբ:
Դանտեի ստեղծագործությունները հայերեն առաջինը թարգմանել են Վենետիկի Մխիթարյան միաբանները: Պոեմի առաջին հայերեն (գրաբար) թարգմանությունը կատարել է Արսեն Բագրատունին, 1866 թ-ին: XIX դարի վերջերին Արսեն Ղազիկյանը ձեռնարկել է պոեմի աշխարհաբար թարգմանությունը, որը տևել է շուրջ 30 տարի (1899–1930 թթ.): Արևելահայերենով առաջին լիակատար թարգմանությունը կատարել է Արբուն Տայանը: Պոեմը լույս է տեսել 1947–59 թթ-ին:
«Աստվածային կատակերգությունը» մեծ ազդեցություն է ունեցել հայ գրականության վրա: Միքայել Նալբանդյանը, Գաբրիել Սունդուկյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ դիմել են դանտեական թեմաներին:
вторник, 18 марта 2014 г.
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում: Տարբերում են շրջակա միջավայրի բնածին և մարդահարույց աղտոտիչներ: Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների պատճառով, իսկ մարդահարույցները՝ մարդու գործունեության հետևանքով: Մարդահարույց աղտոտիչների թվին են դասվում արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային և կենցաղային թափոնները, էներգիայի տարածումը ջերմության (ջերմային աղտոտում), աղմուկի (աղմկային աղտոտում), ճառագայթման (ճառագայթաակտիվ աղտոտում) և այլ ձևերով: Տարբերում են շրջակա միջավայրի աղտոտման մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական տեսակներ: Մեխանիկական աղտոտումը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների և բնական լանդշաֆտների վրա ազդող այլ միջոցառումների հետ: Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով: Քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի, ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է: Կենսաբանական աղտոտումն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկների տարածման միջոցով: Շրջակա միջավայրի աղտոտումն սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության խախտմանը և հանգեցնում է միջավայրի որակական վատթարացման: Բնական աղետների ժամանակ մարդը ենթարկվում է հոգեկան ուժեղ ցնցումների, տվյալ բնակտարածքի հողում կամ ջրում մարդու օրգանիզմին անհրաժեշտ միկրոտարրերի պակասը դառնում է մի շարք հիվանդությունների պատճառ: Սնկիկներով, բակտերիաներով վարակված խմելու ջուրն առաջացնում է ստամոքսաղիքային հիվանդություններ, աղմուկը հանգեցնում է հիպերտոնիկ հիվանդության և գերհույզային (սթրեսային) վիճակի, ճառագայթաակտիվ նյութերի մեծ քանակը պատճառ է դառնում սպիտակարյունության և քաղցկեղի առաջացման: Մթնոլորտում որոշ քիմիական նյութերի առկայությունն առաջ է բերում բրոնխային հեղձուկ և ալերգիական հիվանդություններ: Մարդու տնտեսական գործունեության հետևանքով աղտոտվում են մթնոլորտը, ջրոլորտը և հողը:
Էկոհամակարգեր
Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը` ( հին հուն.՝ οἶκος - բնակատեղի, բնակավայր և σύστημα - համակարգ),կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Էկոլոգիայի հիմնական հասկացություններից է։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների,միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզը։ Որպես էկոհամակարգ ջրավազանի համար բնութագրական են որոշակի բաղադրության նաստվածքները, քիմիական բաղադրությունը և ֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիական արտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները։ Էկոլոգիական համակարգի մեկ այլ օրինակ է – Ռուսաստանի միջին հատվածներում սաղարթախիտ անտառը։ Այս անտառների համար բնութագրական էբնահողը և կայուն բուսական համայնքը և, որպես հետևանք, խիստ որոշված միկրոկլիմայի ցուցանիշները և միջավայրի այս պայմաններին համապատասխանող կենդանի օրգանիզմների կոմպլեքսը։ Մեծ նշանակություն ունի համայնքի տրոֆիկական համակարգը և բիոզանգված ստեղծողների՝ նրա սպառողների և բիոզանգվածը քայքայողների, հարարաբերակցությունը, ինչպես նաև արտադրողականության, էներգիայի և նյութափոխանակության ցուցանիշները, որը թույլ է տալիս որոշել էկոհամակարգի տեսակն ու սահմանները։
Սողանքներ
Սողանքն արտահայտվում է սարերի, բլուրների թեք լանջերում, գետահովիտներում։ Այն զարգանում է տարբեր հողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդում։ Սողանքի առաջացման պատճառներն են՝ ջրով հագենալու հետեւանքով գետնահողի բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, երկրաշարժի եւ այլ ուժեղ պայթյունների հարուցած ցնցումները։ Սողանքներից տուժում են բնակելի եւ արդյունաբերական կառույցները, տրանսպորտային հաղորդակցուղիները, էներգատարները, հանքերը եւ այլն։ Օրինակ, ԱՄՆ-ում սողանքների հասցրած տարեկան վնասը կազմում է մոտ մեկ միլիարդ դոլար։ Այս թիվը տարեցտարի աճելու միտում ունի։ Սակայն այս աղետը չի բավարարվում միայն նյութական վնասներ պատճառելով։ Նույն ԱՄՆ-ում ամեն տարի սողանքի զոհ է դառնում 25 մարդ, որը շատ ավելի է երկրաշարժերից զոհվածների թվից։ Ճապոնիայում այդ թիվը կազմում է բոլոր աղետներից զոհվածների 40-50 տոկոսը, սա այն դեպքում, երբ ճապոնական կղզիները տարաբնույթ աղետների՝ երկրաշարժ, հրաբուխ, ջրհեղեղ ու փոթորիկ, մշտական թիրախ են։ Հայաստանում ամենամեծ սողանքը գրանցվել է 1840 թ. հուլիսին, երբ հայտնի Արարատյան երկրաշարժից Արարատ լեռից պոկվել է մոտ 3 խոր. կմ ծավալով զանգված եւ անցնելով 28 կմ՝ իր ճանապարհին ոչնչացրել է Ս. Հակոբի վանքը, Արալիք քաղաքը, Երեւանի սարդարի
ամառային նստավայրը, մի քանի գյուղ՝ իրենց բնակիչներով, նաեւ պատնեշել է Սեւջուր գետը։ Հայտնի են նաեւ այլ հսկա սողանքներ՝ սկսած 1-ին դարի Արարատյան երկրաշարժից մինչեւ Անիի (1022 եւ 1064), Գառնիի (1679) եւ Ծաղկաձորի (1827) սողանքները։ Այսօր էլ մեր հանրապետությանը պատուհասած եւ սպառնացող տարաբնույթ աղետներից, իրենց ընդգրկումով ու հասցրած վնասներով (տարին՝ մոտ 5 միլիարդ դրամ), առանձնանում են սողանքները։ Տարբեր չափերի ավելի քան երեք հազար օջախներն այսօր ընդգրկում են մոտ 65 հազար հեկտար տարածք։ Դրանցից հարյուրը քարուքանդ են անում բնակավայր ու արտադրություն, ավտոճանապարհ, երկաթուղի, այգիներ ու վարելահողեր։ Սողանքներից խաթարված են Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ, Կավարտ, Համլետավան, Անդրանիկաշեն, Բաղաբուրջ, Գեղանուշ արվարձանների, Վայոց ձորի մարզի Չիվա, Ագարակաձոր, Մարտիրոս, Կոտայքի մարզի Ողջաբերդ, Տավուշի մարզի Հովք, Հաղարծին, Մարտունի գյուղահամայնքների բնակելի տները, հաղորդակցության ուղիները, էլեկտրական ու կապի սյուները եւ այլն։ Միայն 2003 թ. ՀՀ տարածքում գրանցված է 18 սողանքային մարմինների ակտիվացում, որի հետեւանքով զոհվել է 1 մարդ։ Սողանքներն անվանում են նաեւ փոքր (լոկալ) երկրաշարժեր։ ԵՎ եթե երկրաշարժերը կանխատեսել համարյա թե անհնար է, ապա սողանքները հնարավոր է կանխատեսել ու կանխել։ Կարելի էր, բայց չկանխվեց Ողջաբերդի անկումը։ Հայաստանի սողանքների ճնշող մեծամասնությունը մարդու ներգործության հետեւանք է։ Բանն այն է, որ հաճախ առանց մասնագիտական լուրջ հետազոտությունների եւ հաշվարկների ճեղքում ենք սարերն ու բլուրները, կառուցում ճանապարհ ու երկաթուղի, շենք ու շինություն։ Վիրավոր ու բզկտված հողի լեզուն չհասկանալով, նրա թուլացած ու սորուն մարմնին շարունակում ենք նոր վերքեր հասցնել՝ դարավանդներ մխրճել ու ջրել, չթողնելով, որ ջուրը բնականոն հեռանա, բեռնել ու գերբեռնել քարաբետոնային ծանր կառույցներով՝ զրկելով հողը հավասարակշռությունից։ Հողը չի սիրում իրեն չսիրողին, իր լեզուն չհասկացողին. կամ ամլանում է, կամ՝ ոտ առած, ջուր դառած փախչում։ Շռայլ ու բարի բնությունը կամակոր ու հիշաչար է դառնում, երբ նրան կտցահարում են, հոշոտում, խախտում հավասարակշռությունը։ Նրա խռովքը դառնում է անկասելի։
Подписаться на:
Сообщения (Atom)





